USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինքը Միհրան Ավդալյանն է, հերոս դասարանցիս, ճանաչեցի՞ք իրեն...
2020-10-14 02:12:00
Տպել Տպել
Կճանաչեք երևի իրեն՝ ինքը Միհրան Ավդալյանն է, այն ավագ լեյտենանտն, ով օրեր առաջ կարողացել էր 7 զինվորի փրկել շրջափակումից ու տվյալ դիրքը հետ վերադարձնել։ Միհրանին դրա համար շնորհեցին մարտական խաչի 2֊րդ աստիճան, իր մասին խոսեցին, պատմեցին, հիացան,բայց...

Շքանշանը ստանալուց ընդամենը մեկ օր անց Միհրանը զոհվեց, ավելի ճիշտ անմահացավ ու չկարողացավ տեսնել անգամ իր նոր ծնված երեխային, ով դիրքեր բարձրանալուց մի քանի օր հետո էր լույս աշխարհ եկել։
Ինքը Միհրանն է, ճանաչեցի՞ք իրեն, թե՞ մի քիչ էլ պատմեմ...
Փոքր աչքերով, միշտ ուղիղ, երկար, կապված մազերով ու ծանր պայուսակով ես դպրոց գնալը համարում էի կյանքիս մեծագույն սխրանքը, որը պիտի պատվով կրեի։ Դասարանումս հստակ գծված ընկերների շրջան ունեի, ում հետ մտերիմ էի, մյուսների հետ ուղղակի որպես դասընկեր էի շփվում։ Մեր դասարանում չարաճճի տղաների պակաս չկար, բայց կար մեկն, ով ամենաակտիվներից էր։ Ինքը սև, գանգուր մազեր ուներ ու ֆիզկուլտուրայի դասերին չէր զլանում մազերիցս քաշել ու բարձր ծիծաղել, ես էլ գերազանցիկի սինդրոմով հետևից վազում ու գոռում էի.
֊ Միհրա~ն դե լավ էլի վայ, հո երեխա չես...
Երեխա էինք... մեզ համար պատերազմները գրքերում էին։ Մեր Ջանֆիդայի դպրոցը հերոս Յուրա Դաշտոյանի անունն էր կրում, ով զոհվել էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Յուրայի մասին պատմությունները բոլորս զարմանքով էինք լսում՝ մեզ համար ինքը կարծես ուրիշ ժամանակներից լիներ՝ո՞նց թե պատերազմ, ո՞նց թե էդքան զոհեր, ո՞նց են մարդիկ ապրել էդ ցավով։
Մի անգամ հերթական միջոցառումն էինք անում Յուրայի պատվին, ինձ էլ բաժին էր հասել զինվորին սպասող մոր դերը։ Դասարանի տղերքը պետք է կռվի տեսարան խաղային՝ զենքերը ձևական պահեին, գետնին ընկնեին, կեսը զոհվեին, կեսը՝ ողջ մնային։ Միհրանին զոհվողների դերի բաժինն էր հասել, չեք պատկերացնի ինչքան խանդավառված էր խաղալիք զենքը բռնել ու ջիգյարով աջ ու ձախ կրակում, հետո գետնին ընկնում, էլի բարձրանում, իր համար զինվորի դեր խաղալը էնքան երջանկալի էր, որ աչքերը պսպղում էին ամբողջ դերի ընթացքում, վերջում էլ էնքան բնական 《զոհվեց》 ու թափով ընկավ բեմին, որ հիշում եմ մեզնից մի քանիսը վախեցած նայեցին իրեն, գլուխը թաքուն բարձրացրեց, կուլիսներ նայեց, աչքով տվեց ու թեթև ժպտաց՝ իբր հանգիստ եղեք ստից ընկել եմ, հո իրականում չե՞մ զոհվել։
Ավարտելուց հետո երևի թե մեկ կամ երկու անգամ ենք իրար տեսել, բայց վերջին անգամ, որ տեսա, զարմացել էի՝ էն իմ ճանաչած թռվռուն ու չարաճճի Միհրանն իսկական կոկիկ զինվորական էր դարձել՝ չափված խոսքով, տղամարդկային կեցվածքով ու հայրենիքը պահպանողի խիզախությամբ։ Վստահ էր՝ հայրենիքին ծառայելն էն ամենաճիշտ ճանապարհն էր, որով պիտի գնար ու անգամ նորաստեղծ ընտանիքի հետ Թալիշ էր տեղափոխվել, էնտեղ էին ապրում, բայց կռիվը սկսվելուն պես ընտանիքին ուղարկել էր Ջանֆիդա, ինքն էլ մնացել էր դիրքերում՝ պարտքը կատարելու... ու կատարեց...
Վերջերս ընկերուհիներիցս մեկին էր պատահական տեսել, բոլորիցս հարցրել էր ու հենց հերթը հասել էր ինձ ասել էր՝ էն մեր Անիկը ինչա էդքան երկար֊բարակ գրում ֆեյսբուքում, մարդ ալարում ա թե կարդա։ Կներես Միհրան ջան, էս անգամ էլ երկար ստացվեց, ստացվեց, որովհետև արժանի ես, որ քեզ ընդմիշտ հիշեն, քեզ ճանաչեն ու իմանան շատերը, պատկերացնեն, թե իրականում ինչ գնով է մեզ բաժին հասնում խաղաղությունը։
Միհրանն էսօր հուղարկավորվեց ու երևի թե մահացավ իր ամենաերանելի մահով՝ անմահացավ հանուն մայր հողի։ Միհրանը թողեց իր երկու երեխաներին, սիրելիին ու հարազատներին, որ բոլորս ապրենք ու հանուն իրեն, հանուն մնացած հերոսների #ՀԱՂԹԵՆՔ!!!
Ինքը Միհրան Ավդալյանն է, հերոս դասարանցիս, ճանաչեցի՞ք իրեն...

Այս նյութը դիտել են - 1305 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook