USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Սփյուռքից գումարներ բերելու խնդիր ունի վարչախումբը». Ալեք Ենիգոմշյան
2016-11-28 10:12:00
Տպել Տպել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երկու դրդապատճառ է տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ սփյուռքի գործիչներին այսուհետ ավելի մեծ լիազորություններ կտրվեն:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ենիգոմշյանը նշեց, որ առաջին պատճառը սփյուռքից գումարներ բերելն է Հայաստան, երկրորդը՝ սփյուռքի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ օրեցօր ավելի սթափ գիտակցության դեմն առնելը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած ելույթում  հայտարարել էր. «Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։

Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ»:

Ալեք Ենիգոմշյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանը նոր բան ապացուցելու կարիք չունի. այս տարիների ընթացքում, այդ թվում նաև 2008-ից առաջ, նա մշտապես ապացուցել է, որ կարող է խոստումներ տալ, բայց իր բոլոր ասածները արժեք չունեն:

Մանրամասնելով՝ պարոն Ենիգոմշյանը նշեց. «Այս վարչախումբը գտնվում է լուրջ ֆինանսական խնդիրների մեջ. փողի, գումարների ծորակները համարյա թե փակվել ու սեղմվել են, շատ քիչ գումար է մտնում Հայաստան:

Այդ գումարները ծառայում էին այս վարչախմբին, անձնական անհատներին և համակարգը պահելուն: Իսկ հիմա համակարգը պահելու համար անհրաժեշտ գումար չունեն, դրա համար էլ Սերժ Սարգսյանը շոյում է սփյուռքին՝ խոստանալով սփյուռքի որոշ ներկայացուցիչներին խոսք ու դերակատարություն տալ, որպեսզի գումարներ բերի Հայաստան իրենց համակարգն ու վարչախումբը պահելու համար»:

Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը տեսնում է, որ սփյուռքն, այնուամենայնիվ, սթափ գիտակցում է ՀՀ-ում տիրող իրավիճակը, ու եթե նախորդ տասնամյակներին վարչախմբին հաջողվել էր սփյուռքին խաբել, այն պատրանքը ստեղծել, որ այստեղ հայկական պետությունն է և այն պիտի պաշտպանել, այժմ այդ փորձերն արդեն արդյունք չեն տալիս, և աստիճանաբար սփյուռքից ավելի շատ են լսվում ներկա վարչախմբին մերժող, պատասխանատվությունն ամբողջությամբ այս վարչախմբի վրա դնող ձայները:

Ամփոփելով՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Սերժ Սարգսյանի ոչ մի ասած ոչ մի նշանակություն չունի խոստումների ու գեղեցիկ խոսքերի առումով»:

Նշենք, որ ելույթի՝ սփյուռքին վերաբերող հատվածը Սերժ Սարգսյանն ավարտում է նախազգուշացումով. «Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաև ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել և աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։

Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է»: Ալեք Ենիգոմշյանը հավաստեց, որ հենց այս նախադասություններն էլ մատնում են այն դրդապատճառները, որոնք Սերժ Սարգսյանին մղել են այսպիսի հայտարարությամբ հանդես գալ:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

aravot.am

Այս նյութը դիտել են - 1207 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook