USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրա լեգենդ դարձած հայրը ապրում է մեր հուշերում
2017-01-13 10:49:00
Տպել Տպել

Ամեն օր Վլադիմիր Բալայանի անվան դպրոցն եմ մտնում, ամեն անգամ դպրոցում ես անցնում եմ նրա քարե հուշարձանի կողքով, ամեն օր ես տեսնում եմ նրա ավագ դստերը` Նաիրուհի Բալայանին, մի հմայիչ ու գեղեցիկ անձնավորություն, ով իր մասնագիտության հմուտ գիտակն է և իմ կողքին ամեն օր դասարան է մտնում, դասավանդում անգլերեն: Նա իր ընտանիքով ապրում է իմ հարևանությամբ, ես ամեն օր տեսնում եմ իմ կողքին ապրող Վլադիմիրի երկու թոռնիկներին, ովքեր նույնպես դպրոց մտնելիս անցնում են իրենց երիտասարդ պապիկի` քար դարձած հուշարձանի կողքով:

Վլադիմիր թոռնիկն ամեն օր մեզ հիշեցնում է մեր հերոս ազատամարտիկի մասին, ով լեգենդ դարձած ապրում է մեր հուշերում: Նրա որդին էլ Մարտակերտում է աշխատում, ամեն անգամ առիթից առիթ առնչվում եմ նրա հետ և ուրախ եմ, որ նա դեռևս տարիներ առաջ թողեց հայոց մայրաքաղաքը ու վերադարձավ հայրական տուն:
Եվ իմ ամեն օրերը կրկնվում են այսպես, ու ես ամեն օր մտովի խոնարհվում եմ նրա հուշարձանի առջև, ես ամեն օր մտովի բարևում եմ նրան, ով իմ հասակակիցն է, և նա այսօր չկա, բայց ապրում է բոլորիս սրտերում ու այդպես էլ կապրի հավերժ:

Ես ամեն օր այդ հուշարձանին նայելիս մեր ապրած օրերն եմ հիշում, տարիներ առաջվա մեր նկուղային կյանքը, այն մեծ հավատի մասին եմ հիշում, որ մարտակերտցիներիս ապրելու կամքն այն պատերազմական տարիներին նրանից էր կախված, մեր շնչելու օդը լցված էր Վլադիմիրով, մենք բոլորս ապրում էինք նրանով` անկախ նրանից, մեր կողքով քայլող ազատամարտիկին ճանաչում էինք, թե չէ...
Եվ մենք` նկուղներում ամիսներ շարունակ պատսպարվածներս, դեռևս 92-ին, չնայած վախից կծկված` ամեն օր լուրերի էինք սպասում, երբևէ չէինք մտածում, որ թշնամու գնդակը հասու կլիներ նաև մեր ազատամարտիկ նվիրյալին, ում անունը տալիս էինք ու հանգիստ շնչում: 
 Ես նրան երկու անգամ եմ տեսել, երբ քաղաքս հրետակոծվում էր, հուսահատված փրկության ճանապարհ էի փնտրում, նա կողքովս համարյա վազելով անցավ, կողքիս ձայներ լսեցի, նրա անունն էին տալիս, հետ նայեցի, որ կենդանի լեգենդին տեսնեմ, նա արդեն չէր երևում: Նրան չտեսա, բայց մի նոր հավատ ծնվեց հոգումս, որ մենք կապրենք դեռ, քանի մեր կողքին քայլող վլադիմիրներ կան: Նրա հետ իմ երկրորդ հանդիպումն արտասվախառն էր, Աղաբեկալինջ գյուղում մասնակցում էի նրա հուղարկավորությանը...
Այդ օրը քաղաքս սգի մեջ ընկավ, չէինք հավատում, այդ բոթաբեր լուրը ալիք-ալիք տարածվեց, հորձանք տվեց ու բոլորիս հանեց նկուղներից: Մոռացանք ահ ու սարսափ, համատարած սուգը բոլորիս տարավ դեպի Վլադիմիրի հարազատ գյուղը: Հրամանատարը չկար, սև գլխաշորերով նրա զինակից ընկերներն էին խրոխտ կանգնած, Լեոնիդի ելույթը արձագանք տվեց ու տարածվեց ամենուր` ձուլված բազմության հեկեկոցին: Այդ ոգեղեն ելույթը մի նոր հավատ ներշնչեց մեզ, հոգու խորքում համոզվեցինք` մենք պիտի ապրենք, որ Վլադիմիրի և բոլոր մյուս ազատամարտիկների անցած մարտական ճանապարհը հավերժացնենք: Բայց երբ սգո թափորը շարժվեց դեպի գերեզմանոց, նրա հետ թվաց` հողին հանձնեցինք մեր հավատն ու հույսը: Օրեր հետո կորցրինք Մարտակերտը, բայց տարի անցավ, վերագտանք այն նորից, վերածնվեցինք, նորից փլատակներից վեր հառանք, օջախ ստեղծեցինք, նորից դպրոցի զանգը հնչեց, այդ ղողանջները հասան ամենուր, որ նրա կանչից մեր զավակները վերադառնան տուն:
92-ի բռնագաղթից հետո Վլադիմիրի ընտանիքը տեղափոխվեց Երևան, նրա երեք երեխաներից ավագը տասներկու տարեկան Նաիրուհին էր: Տարիներ անց շատ-շատերի նման մանկավարժ դարձած դուստրը վերադարձավ… 2001-ին աշխատանքի ընդունվեց Մարտակերտի հ. 2 դպրոցում, հաջորդ տարի տեղափոխվեց իր լեգենդ դարձած հայրիկի անվան կրթօջախը, որ մոտիկ լինի նրան… 

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 4300 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook