«Հայելի»-ն գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ ներկայացրած հայցը:
Լրագրողը դիմել էր դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով և ոստիկանապետից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել իրենից:
Լրագրողի և ոստիկանապետի կոնֆլիկտը ծագել էր 2016 թվականին, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ի պատասխան լրագրողի հարցադրում դիտարկմանը, թե «ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում», Վլադիմի Գասպարյանն ասել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։ Ավելի քան մեկուկես տարի տևած դատական քաշքշուկն ավարտվել է մեր իրականության համար խիստ կանխատեսելի ելքով՝ լրագրողի հայցը չի բավարարվել, հետևաբար՝ ոչ մի ներողություն էլ չի լինի: Այն, որ հայցը չի բավարարվել՝ զարմանալի չէ: Հակառակը՝ կարող էր ոչ միայն զարմանալի լինել, այլ կարևոր նախադեպ դառնալ պետական մարմինների և ԶԼՄ-ների հարաբերություններում:
Կարելի է բազմաթիվ դեպքեր նշել, երբ պատկան մարմիններն ու պաշտոնյաները դատական հայցեր են ներկայացրել լրագրողների ու տարբեր ԶԼՄ-ների դեմ:
Եղել են դեպքեր, երբ լրատվամիջոցները պարզաբանում և անգամ հերքում են տպագրել ինչ-որ հրապարկման համար, բայց հակառակը, երբ պաշտոնյան լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ներողություն է խնդրել՝ դժվար է մտաբերել: Եղել են եզակի դեպքեր, երբ այս կամ այն պաշտոնյայի, քաղաքական գործչի կամ պատգամավորի անվայելուչ պահվածքի համար լրագրողից ներողություն են խնդրել տվյալ պաշտոնյայի կուսակցական ընկերները:
Օրինակ՝ ժամանակին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներողություն խնդրեց մեր գործընկեր Մհեր Արշակյանից՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի «ծնոտդ կպոկեմ» արտահայտության համար, որը վերջինս օգտագործել էր լրագրողի հետ զրույցում: Իսկ դեպքեր, երբ լրագրողի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած պաշտոնյան անձամբ է ներողություն խնդրում, պարզապես չկա: Նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով բախում էր ունեցել մեր գործընկեր, լրագրող Վահե Մակարյանի հետ, ներողություն խնդրեց միջադեպի, բայց ոչ լրագրողի նկատմամաբ ցուցաբերած վարքագծի համար:
Այս իմաստով Վլադիմիր Գասպարյանը, իսկապես կարող էր եզակի նախադեպ դառնալ, բայց նա կորցրեց այս շանսը՝ չհասկանալով դրա կարևորությունը ինչպես ժողովրդավարության ու ազատ խոսքի, այնպես էլ ուժային համակարգերի կայացման համար:
Լրագրողից ներողություն խնդրելը թուլության նշան չէ, դա ազատ խոսքի նկատմաբ ունեցած հարգանքի դրսևորում է, որը հատուկ է ուժեղներին:
«Ես քո մեջ կին չեմ տեսնում». ոստիկանապետը՝ Ծիծեռնակաբերդում:
Ապացույցը՝ 3.30 րոպեի A1plus-ի տեսանյութը:
Այս նյութը դիտել են - 176837 անգամ