Հայաստանում աճել է կոռուպցիայի մակարդակը
2016-01-27 09:05:00

Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ երկրում աճել է կոռուպցիայի մակարդակը: Այս մասին են վկայում Trancparancy International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի համաշխարհային հարցման տվյալները: Հարցման համաձայն, 2014-ի համեմատ, 2015-ի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ հանրապետությունում կոռուպցիան ավելացել է երկու միավորով: Հետեւաբար՝ համաշխարհային կոռուպցիայի դասակարգման մեջ Հայաստանը 95-րդն է:

Կոռումպացվածության աստիճանով Հայաստանը գտնվում է Սուրինամի, Մալիի, Մեքսիկայի եւ Ֆիլիպինների հարեւանությամբ: Ավելի բարվոք է իրավիճակը Վրաստանում, Թուրքիայում, Բրազիլիայում եւ Չինաստանում, ավելի վատ՝ Բելառուսում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Պակիստանում: Իրենց քաղաքացիների ընկալմամբ՝ աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան. ամենակոռումպացվածները՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան եւ Սոմալին:

Այս նյութը դիտել են - 1295 անգամ