Մինչև ե՞րբ այսպես 2017-12-07 10:10:00
Հայաստանում դեկտեմբերի 7-ը վաղուց երկակի խորհուրդ է ստացել.այն հետզհետե վերածվում է երկրում մոլեգնող սոցիալական անարդարությունն է՛լ ավելի տեսանելի դարձնող մի օրվա, ինչի պատճառները, թերևս, բազմազան են, բայց, որոնցում` օբյեկտիվության մեկ կաթիլ իսկ չկա էլ:
Լուսանկարը՝ Armtimes -ի
Չնայած տասնամյակներ են անցել երկրաշարժի օրվանից` սակայն նույնիսկ այսօր մեզ այդպես էլ չի հաջողվել վերացնել «աղետի գոտի» կոչվածը:
Որքան էլ ցավոտ է խոստովանելը, սակայն փաստ է, որ շատ ու շատ աղետյալներ այսօր էլ շարունակում են մնալ աղետյալ, բնակվել խրճիթներում` ամենաանմարդկային պայմաններում` զուրկ լինելով նորմալ կենցաղային պայմաններից, զրկված լինելով այն կենսակերպից, որը բնորոշ է նորմալ պայմաններում ապրող մարդկանց:
Թե ինչպես պատահեց, որ նույնիսկ 29 տարիները ի վիճակի չեղան լուծելու շատ աղետյալների ամենատարրական կենսական խնդիրները՝ խոսել կարելի է երկար: Մեկ բան, սակայն, հստակ է. դա հետևանք է ոչ թե միջոցների չգոյության, այլ` տարրական ուշադրության պակասի:
Հայաստանում աղետի գոտուն առնչվող խնդիրներն, իսկ ավելի կոնկրետ` աղետի հետևանքների վերացմանն առնչվող հարցերն իրենց կարևորությամբ ամենավերջին հորիզոնականներում են գտնվում, ու վաղուց դադարել են չինովնիկների ուշադրության կենտրոնում հայտնվել: Միչդեռ նույն այդ չինովնիկներից շատերը Հայաստանում աղետի գոտու առկայությունը շարունակաբար պայմանավորում են միջոցներ չլինելով. իբր մենք այնքան հարուստ չենք,որ կարողանանք սեղմ ժամկետներում խնդիրը լուծել ու դրա համար ժամանակ է պահանջվում:
Ժամանակ, իհարկե, պահանջվում է, բայց հարցն էլ հենց այն է,որ տրամադրված ժամանակն,որն արդեն 29 տարի է կազմում, բավարար էֆեկտիվությամբ չէ, որ օգտագործվում է, ու մինչ տնակներում բնակվողները գոյությունն են քարշ տալիս, պաշտոնյաներն ու հատկապես նրանք, ովքեր ի պաշտոնե են պարտավոր լուծել այս խնդիրը, միմիայն հարստացնում են սեփական դրամապանակը` անտեսելով իրենց կողքին վխտացող չքավորությունը, ինչը, թերևս, արդյունք է նաև այս տարիների ընթացքում հանրապետությունում ձևավորված վատթար բարոյահոգեբանական մթնոլորտի. մարդկանց օգնելը դարձել է ընդամենը ինքնագովազդվելու պես մի բան:
Այնպիսի տպավորություն է, ասես, աղետյալներին այդ վիճակում պահում են հատուկ, ժամանակ առ ժամանակ նրանց հաշվին սեփական փիառը կազմակերպելու ու գովեստի զռռացող խոսքերի արժանանանլու համար:
Մինչդեռ մարդիկ հոգնել են, հյուծվել ու հիասթափվել նախևառաջ պետությունից, դրա` իրենց նկատմամբ դրսևորած անտարբերությունից:
Տեսնես`մինչև ե՞րբ այսպես:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 18171 անգամ