Նա համահայկական նկարչական տարբեր մրցույթների մասնակից է2017-12-20 22:24:00
Սեպտեմբերին մտա 11-րդ ա դասարան, ուշադրությանս արժանացավ նա, այդ համեստ աշակերտը, ում հիշեցի դեռ անցած տարիներից, երբ մտել էի այդտեղ՝ դասալսման: Նա փոքր էր, դեռ 5-րդ դասարանում: Նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին առաջարկեց գրատախտակին ինչ-որ բան նկարել: Եվ ո՞վ զարմանք, որ նկատեցի նրա ձեռքի արագ շարժումներում... Կավիճը ձեռքին իր տաղանդն էր ցուցադրում: Շուտով գրատախտակին երևաց Մաշտոցի մեծադիր դիմանկարը: Հիացած էի, բայց նա լուռ էր, միայն մի ազնվագույն ժպիտ էր դեմքին խաղում...
Արդեն նրան՝ Կարեն Ափանցին, դասավանդում եմ: Տարիները փոխել են նրան արտաքնապես, բայց ինքը մնացել է նույն համեստ աշակերտը՝ մեղմ ժպիտով, ինքնամփոփ ու լռակյաց: Պատի թերթը, որ առաջարկեցի ձևավորել, սիրով կատարեց, և շուտով իմ տեսադաշտում երևացին նրա ձևավորած մի շարք նկարներ...
Ես զրուցում եմ նրա հետ: Դեռ նկարել սկսել է հինգ տարեկանից, նկարել է ինքնուրույն, դրանք արժանացել են տարբեր խրախուսանքների: 2011 թվականից հաճախել է Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Ավարտել է գերազանց, արժանացել վկայականի, զբաղվում է նաև քանդակագործությամբ, բայց ավելի շատ խորացած է նկարչության մեջ: 2013-ին Արցախյան շարժման 25 և Մարտակերտի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ անցկացված նկարչական մրցույթ-ցուցահանդեսում առաջին տեղ է զբաղեցրել, պարգևատրվել ՄԱԿ-ի տնօրեն Ռ. Իզմաիլյանի կողմից:
Կարենի հաջողությունները նկատելի են մի շարք գրքերում: Շուտով իմ ձեռքի տակ հայտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղագիտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված տարբեր մանկապատանեկան մրցույթ-փառատոնների՝ գրքեր դարձած հավաքածուները: Նա խոսում է հատ-հատ, շատ կամաց: Սեղանին դրված գրքերի էջերն է թերթում, ցույց տալիս ինձ իր նկարները, որ արժանացել են տարբեր մրցանակների, մտել այդ գրքերը:
Դեռևս 2012 թ.-ին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հոբելյանական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր մանկական գրական-ուսուցողական միջոցառում՝ «Ես գիրք եմ ստեղծում» խորագրով, որի նպատակն էր երեխաներին ու պատանիներին գրքի ստեղծման աշխատանքներին մասնակից դարձնել, նաև սեր ձևավորել գրքի ու ընթերցանության նկատմամբ: Կարեն Ափանցը ծրագրի շրջանակներում մասնակցել է «Ես նկարազարդում եմ» նկարչական մրցույթին, արժանացել պատվոգրի:
«Սիրե՛ք պոետի գույները» համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնում Արցախից ներկայացված նկարների շարքում նրա երեք ստեղծագործությունները տեղ գտան այդ գրքում: Գ. Էմինի «Հայաստանի գարունը», Վ. Դավթյանի «Ձորի աշունը» և «Աշուն» բանաստեղծությունները մի նոր գունային երանգներով ներկայացրեց 12 տարեկան պատանին 2012-ին: Հաջորդաբար երևում է նրա մասնակցությունը համահայկական տարբեր նկարչական մրցույթներին:
2013-ին նա մասնակցել է «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը կրող համահայկական 4-րդ փառատոնին: Երկու հազար աշխատանք էր ներկայացվել տասնութ երկրներից: Կարենի նկարը՝ «Հյուրընկալ արցախցիները», լավագույնների շարքում էր: Իսկ 2015-ին նա մասնակցել է «Մեկ դար և ավելի...» խորագրով համահայկական նկարչական փառատոնի 5-րդ փառատոնին՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
Ես թերթում եմ այն գրքերը, որոնք հրատարակվել են տարբեր համահայկական մրցույթների արդյունքների ամփոփումից հետո: Այնտեղ Կարենի, արցախցի, նաև տարբեր երկրների հայ երեխաների նկարներ են տեղադրված, լավագույն աշխատանքներ, որտեղ յուրաքանչյուրի տաղանդի շնորհիվ արվեստն է խոսում՝ իմաստավորելով հայի ստեղծագործական ոգին: Բայց Կարենը շատերիս նման մեծ երազանք ունի...Որ պատերազմ չլինի Արցախում, խաղաղ լինի կյանքը՝ երկնքի լազուրում ճախրող աղավնիներով...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11884 անգամ