Ուսուցչի աշխատանքի ծանրաբեռնվածությամբ չեն որակ ապահովում
2017-12-25 21:01:00
Դպրոցականների առաջին կիսամյակն ամփոփեցինք, ձմեռային երկշաբաթյա արձակուրդային օրեր են, իսկ ուսուցիչներս, հակառակ աշակերտներին, դեռ գնում ենք դպրոց: Վերջին օրերի ծանրաբեռնված ու լարված աշխատանքից հետո կարծես ուզում ենք «հավաքել» մեզ, մի քիչ շունչ քաշել, բայց նաև այս իրավիճակն առիթ է տալիս ուսուցիչներիս արտահայտելու մեր դժգոհությունն այն թերությունների մասին, որ առկա են կրթության համակարգում:
Հայոց լեզվի և գրականության ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավորների ծանրաբեռվածությունը յուրաքանչյուր կիսամյակում նկատելի է մեզ՝ մասնագետներիս, չնայած նմանատիպ իրավիճակ է նաև մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչների մոտ: Որ գրավորների քանակի ավելացումը մի նոր որակ է հաղորդում կրթությանը, չեմ կարող հաստատակամորեն համաձայնվել այդ կարծիքին: Որ աշակերտի մոտ ձգտում է առաջանում գրավորից գրավոր ավելի գեղեցիկ շարադրի իր մտքերը, նույնպես չեմ կարող համամիտ լինել դրան: Որ աշակերտները սիրով են կատարում այդ գրավոր հանձնարարությունները, նույնպես կարող եմ հակադարձել: Որ այդ գրավորների միջոցով աշակերտը գիտակցում է իր գրավոր խոսքի նվազ իմացությունը և խուսափում բուհ ընդունվելու իր մտադրությունից, նման բան չկա:
Բազմաթիվ գրավոր աշխատանքներից «անբավարար» գնահատված ամենաթույլ աշակերտը քմծիծաղով է արտահայտում, թե մի քանի տարուց հետո ինքը ի՛նչ պաշտոններ կարող է զբաղեցնել և ինչ եկամուտների տեր կարող է դառնալ: Գուցե կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի այս ավելորդ թղթաբանությու՞նը վերանայվի, որ արհեստական դժվարություն է ստեղծում մեզ համար:
Ու՞մ է հետաքրքրում, թե վերոնշյալ գրավորներից քանի աշակերտ է ամեն անգամ բացակայում: Ո՞վ է մտածում, թե ինչպես պիտի ամենաբարձր ջերմության մեջ գտնվող աշակերտը մասնակցի գրավոր աշխատանքներին, այլապես նա «1» կգնահատվի, եթե չգրի այդ գրավորը նշված ժամկետում: Բայց ո՞վ գիտի, թե ձմռանը փայտի վառարաններով տաքացրած դասարաններում ամեն օր քանի աշակերտ է բացակայում և դրա արդյունքում պարտադիր քանիսին պետք է թելադրություն տալ: Մի՞թե պակաս որակ էր արձանագրվում խորհրդային տարիներին, երբ այդքան գրավոր աշխատանքներ չէին հանձնարարվում:
Մեր օրերի ուսուցիչը ծանրաբեռնված է իր աշխատանքում: Այս օրերին 12-րդ դասարանի աշակերտներից շատերը դպրոցներում երեք առարկայից քննություն են հանձնում: Արդյոք՞ քննություններից առաջ կա այն մտահոգությունը, որ ունեցել ենք մենք տարիներ առաջ դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելիս: Այդ ո՞ր մի աշակերտն է անհանգստություն ապրում, թե հաջորդ օրն ինչպես կհանձնի քննությունը: Աշակերտների անհոգությունը փոխանցվում է ծնողներին, բայց ու՞մ մեղադրել՝ աշակերտի՞ն, ով գիտի, որ ամենացածր անցումային միավորն անգամ վաստակելուց հետո դյուրին ձևով հայտնվելու է որևէ բուհում: Գուցե ծնողի՞ն մեղադրենք, որ մինչ իր երեխայի ընդունվելն արդեն մտածում է, թե ինչպես պիտի նրա ուսման տարեկան վարձավճարը փոխանցի:
Ուսուցչի աշխատանքի նման ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև փորձում եմ բարձրաձայնել, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվում, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվում բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 12382 անգամ