ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը և կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հստակ դիրքորոշում ցուցաբերել ընդդեմ ԵԽԽՎ-ում ձախողված հակաղարաբաղյան բանաձևերի: Այս մասին տեղեկացրել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Քերիին ուղղված նամակում Շիֆը հորդորել է պետքարտուղարին «բարձրագույն մակարդակներում հստակորեն ի ցույց դնել այն, որ բանաձևը միակողմանի է, ոչ ճշգրիտ և վնասում է խնդրի խաղաղությանն ու կայունությանը»: Հիշեցնելով, որ Ադրբեջանը բազմաթիվ սադրիչ գործողություններ է իրականացրել շփման գծում, ինչն ավարտվել է քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորվելու դեպքերով` ԱՄՆ կոնգրեսականը մտահոգություն է հայտնել, որ զեկույցում չի ներառվել այն, որ Իլհամ Ալիևը «հրաժարվում է շփման գծում տեղադրել հատուկ տեխնոլոգիաներ, որոնք մոնիթորինգի կենթարկեն դ իպուկահարների և հրետանու կիրառումը», մինչդեռ հայկական կողմն իր համաձայնությունը տվել է: ԱՄՆ մյուս կոնգրեսական Շերմանը կոչ է արել պետքարտուղարին անմիջապես գործողությունների անցնել` ցույց տալու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը: «Մինսկի խմբից հրաժարվելը ոչ միայն վատ քաղաքականություն է, այլ վիրավորանք ամերիկյան ժողովրդի և ջանասեր ու ամերիկացի դիվանագետների նկատմամբ»,- նշել է նա:
Այս նյութը դիտել են - 1247 անգամ