«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն ահազանգեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:
«Արայիկ Խանդոյանը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տեղափոխվել է պատժախուց։ Տեղափոխման պահին նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
Նշենք, որ վերջիններս արդեն տաս օրից ավել գտնվում են հացադուլի մեջ, և տեղափոխվել են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված խցեր, այլ՝ պատժախցեր, որտեղ տիրում են անմարդկային պայմաններ։ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ, սակայն Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը անհիմն պատճառներով ձգձգում է հարցի լուծումը։
Արայիկ Խանդոյանը հացադուլ հայտարարելով պահանջում է շուտափույտ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ։ Փաստորեն երեք Սասնա Ծուռ Նոր տարին կդիմավորեն հացադուլի մեջ՝, ցուրտ և մարդկային պայմաններից զուրկ խցերում»,- տեղեկացրեց նա։
Այս նյութը դիտել են - 8872 անգամ