Հարկային բարեփոխումների ընդունումը գործող վարչակազմի առաջին կարևոր հաղթանակներից էր: Եվ նախագահ Թրամփը հույս ունի նոր ձեռքբերումներ գրանցել իր նախագահության երկրորդ տարում:
Սակայն նախագահ Թրամփի նախագահության մասին Մայքլ Վոլֆի օրերս հրապարակված գիրքը, որտեղ հեղինակը սուր քննադատության է ենթարկում գործող վարչակազմին, զգալիորեն խարխլել է նախագահ Թրամփի դիրքերը: Եվ դեմոկրատները ողջունել են հրապարակումը:
«Ես չէի կարծում, որ նախագահ Թրամփը ճիշտ ընտրություն էր նախագահ լինելու համար: Չէի կարծում, որ նա լավ աշխատանք կարող էր կատարել, և այս հրապարակումը հաստատում է իմ մտահոգությունները»,- ասում է սենատոր Քրիսթեն Գիլիբրանդը:
Թրամփի վարչակազմը Վոլֆի աշխատանքը որակում է գեղարվեստական աշխատություն, որտեղ ներկայացված իրադարձությունները, ըստ Թրամփի թիմի, երեւակայական ոլորտի ժանրից է:
Սակայն չնայած հարկային բարեփոխումների հետ կապված վերջերս գրանցված հաջողությանը, նախագահ Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ աննախադեպ ցածր առաջին տարվա նախագահության համար, որից կարող են օգտվել դեմոկրատները:
Ըստ վերլուծաբանների, դեմոկրատների ճամբարը չափազանց ոգևորված է, և դա խնդրահարույց է հանրապետականների համար:
Բացի այդ, ընտրություններում Ռուսաստանի ներգրավված լինելու մասին հետաքննությունը, ըստ վերլուծաբանների, կշարունակի վնասել հանրապետականների ճամբարին:
«Երբեք չգիտես, թե ինչ կպատահի մոտակա օրերին»,- ասել է նախագահ Թրամփը:
2018 թվականը կարևոր տարի է հանրապետականների համար: Չէ որ Կոնգրեսում մեծամասնության պահպանումը կամ դրա կորուստը կարող են զգալիորեն ազդել Թրամփի հետագա քաղաքական ճակատագրի վրա:
Այս նյութը դիտել են - 8242 անգամ