Երբ դեռահասներն են «զինաթափ անում» մեծերին2018-01-14 21:26:00
Ամեն ինչ չէ, որ շատ հարթ է ընթանում դպրոցական կյանքում: Այս անգամ ութերորդցիներն առիթ տվեցին մինչ Նոր տարին ծնողական ժողով հրավիրել, որի արդյունքում զրկվեցին նրանք Ամանորի հանդիսությունից: Ձմեռային արձակուրդից, նաև տոնական օրերից հետո նրանք դպրոց հաճախեցին ինքնախոստովանությամբ, որ հասկացել են իրենց սխալը, նաև մի նոր խնդրանք կար նրանց խոսքում՝ հնարավորություն տալ ամբողջ դասարանով նշելու հին Նոր տարին:
Դասարանի ավագությունից ազատված Յուրի Միրզաբելյանի խոսքերն ուշադրությանս արժանացան. «Ես դասարանի ավագն էի, բայց կազմակերպել էի, որ անգլերենի դասից բոլորս փախչենք, այդ պատճառով էլ զրկվեցինք Նոր տարվա նախօրեի միջոցառումից: Ուզում էի իմանալ, թե մարդը գոնե մի անգամ չէ՞ր կարող սխալվել, ու ստացա պատասխանը. «Կարող է, բայց առանց կրկնելու այդ նույն սխալը»: Չնայած դրան՝ պիտի ասեմ, որ ես սովորում եմ աշխարհի ամենալավ դասարանում և սիրում եմ իմ դասարանցիներին: Իսկ Դուք, իմ դասղե՛կ, խնդրում եմ ինձ ներե՛ք, խոսք եմ տալիս, որ չեմ կրկնի այդ նույն սխալը»:
Հաջորդաբար մյուս աշակերտներն էլ ներկայացան խոստովանությամբ, նույնիսկ նրանց մեջ կային շատ կազմակերպված, համեստ պահվածքի տեր աշակերտներ, որ զարմացրին ինձ. «Դասարանցիների կողմից ներողություն եմ խնդրում, տիկի՛ն Պողոսյան, նաև զղջում եմ կատարած անկարգության համար» /Հարությունյան Մարատ/: «Մենք անկարգություն արեցինք երկրորդ անգամ, ես հասկացել եմ իմ սխալը ու խոսք եմ տալիս, տիկի՛ն Պողոսյան, որ 2018-ին Դուք կտեսնեք կարգապահ Արսենին»:
Կային նրանց մեջ աշակերտուհիներ, ովքեր իրենց զսպված ու օրինակելի կարգապահությամբ՝ անմասն չմնացին մյուսներից, յուրովի իրենց խոսքն արտահայտեցին. «Սիրում եմ իմ դասարանն այնպիսին, ինչպիսին կա, նաև հուսով եմ՝ մեր դասղեկը կների մեզ, և մենք այս երկրորդ կիսամյակում կհավաքվենք ու կնշենք հին Նոր տարին, թեկուզ ուշացած» /Բեգլարյան Գերտրուդա/:
Դասարանի նոր ավագը, որ անցած ուսումնականից մեր դպրոց էր տեղափոխվել Հայաստանից ու միշտ էլ դաստիարակության լավագույն օրինակ է ծառայել, հիացրեց ինձ իր անկեղծությամբ. «Ես սիրեցի դասարանս ու նրանց հետ մտերմացա: Դասղեկս էլ հիանալի մարդ է, ով արժանի է միայն հարգանքի: Եթե սխալներ ենք արել, տիկի՛ն Պողոսյան, խնդրում եմ՝ ուղղե՛ք մեր սխալները, մենք միայն պարտական կլինենք Ձեզ: Մեզ ուղղվելու հնարավորությու՛ն տվեք, մոր պես մեր ուղիները տարե՛ք դեպի անսխալական ապագա, չէ՞ որ դեռ չորս տարի էլ միասին քայլելու ենք կյանքին ընդառաջ» /Հակոբյան Մանե/:
Երբ դեռահասներն են «զինաթափ անում» մեծերին, կարծում եմ՝ մեզ դիմադարձ լինելու հնար չի մնում: Դասղեկի ու ծնողական խորհրդի փոխհամագործակցության արդյունքը հին Նոր տարվա միջոցառման կազմակերպումն էր 8-րդ ա դասարանի աշակերտների հետ, որ շուտով իրականացվեց մոտակա բար-տաղավարում: Ծնողներ Նոնա Հայրապետյանի, Լիանա Ստեփանյանի, Անժելա Պետրոսյանի ակտիվ նախաձեռնությամբ իրականացվեց աշակերտների ցանկությունը՝ առատ սեղանների շուրջ, ուրախ երգ ու պարով, տարբեր կատակախառն խաղերով, Նոր տարվա շնորհավորանքներով, խաղաղ օրերի երազանքներով, հավերժացված պահերով, նաև, ինչու չէ, իրենց համար սովորական դարձած աղմուկ-աղաղակով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8117 անգամ