Անկարան ռմբակոծել է Սիրիայի Աֆրինի շրջանը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սրանով ազդարարվում է ռազմական գործողությունների մեկնարկ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Թուրքիան այս տարածքները դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը՝ հաշվի առնելով այստեղ քրդական զորամիավորումների ուժեղացման փաստը: Տեղի քրդական զորամիավորումները հաղորդել են, որ ռմբակոծումը սկսվել է կեսգիշերին: Քրդական գյուղերի ուղղությամբ արձակվել է մոտ 70 ական:
Անկարան փորձել է ստանալ նաև Մոսկվայի համաձայնությունը ռազմական այս արշավի հարցում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Սիրիայի հիմնական դաշնակիցը: Չնայած դրան՝ Դամասկոսը զգուշացրել է, որ յուրաքանչյուր ռազմական ինքնաթիռ կխոցվի Սիրիայի կողմից, եթե խախտի Դամասկոսի օդային սահմանը:
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է լուրջ ռազմական գործողություններ իրականացնել այդ տարածքներում ընդդեմ քրդական զորամիավորումների: Հիշեցնենք, որ քրդական ուժերը Վաշինգտոնի դաշնակիցներն են, և նման զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել առանց այն էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Այս նյութը դիտել են - 20269 անգամ