Մեծամտությունը վայել չէ ուսուցչին2018-01-23 10:07:00
Չգիտեմ որքան դյուրընկալելի կլինի իմ այս հոդվածը ուսուցիչների համար, բայց կան բացասական երևույթներ, որ անհանդուրժելի են, մեզ ոչ սազական: Չկարողացա անպատասխան թողնել ինձ ուղղված հարցը, թե որքանո՞վ է ճիշտ, երբ ուսուցիչն աշակերտի հետ խոսում է շատ վերևից, երևակայելով, երբեմն գործածելով բառեր, որ իրեն վայել չեն: Նույնպես անտարբերության չմատնեցի մյուս հարցը, թե որքանով է ընդունելի, որ ուսուցիչն աշակերտների մոտ մեծամտում, հանում է գրպանի պարունակությունը և ցույց տալիս նրանց իր ձեռքի ստվար գումարը...
Կարևորն այստեղ անուններ հրապարակելը չէ, որի կարիքը չկա, այլ երևույթն է անհանդուրժելի, նաև փոքրոգություն եմ համարում նման դեպքերը, երբ ուսուցիչը ցուցամոլություն է անում դեռահասների մոտ: Ո՞վ է ու՞մ զարմացնում. դերե՞րն են փոխվել, թե՞ ժամանակները: Սովորաբար երևույթներ են դրանք, որ կարող են երբեմն նկատվել երեխաների մոտ՝ կապված նրանց տարիքային առանձնահատկությունների հետ: Եթե դեռահասն է քննադատորեն մոտենում ուսուցչի արարքին, ուրեմն այդ ուսուցիչը հասունանալու, կայանալու տեղ ունի, որ կարողանա կողմնորոշվի, թե ինչպես իրեն դրսևորի:
Արձանագրեմ փաստ: Աշակերտը, որ այդ պահին չէր լսում ինձ, ծիծաղեց, երբ եղեռնի մասին դասանյութ էի պատմում: Նա լռեց իմ դիտողությունից հետո: Անցան օրեր: Տոնական օրվա առիթով միջոցառում էր, ներկա էին տարբեր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Ամենևին չէի սպասում նման արձագանքի, բայց դիտողության արժանացած այդ աշակերտը վերցրեց բարձրախոսը և բոլորին լսելի ներողություն խնդրեց իր ուսուցչուհուց՝ թույլ տված սխալի համար: Մի պահ ինձ կորցրի, նույնիսկ մոռացել էի այդ մասին, բայց նա հիշեցրեց ինձ՝ իր կերպարը գեղեցկորեն վեր բարձրացնելով շրջապատում:
Մի՞թե հիացմունքի արժանի չէ այս արարքը, բայց արդյո՞ք ուսուցիչը ներողություն կխնդրի աշակերտից՝ իր գործած սխալի համար: Նսեմացու՞մ է, հեղինակության անկու՞մ, թե՞ միակ ճանապարհը նրա համար դեռահասի մոտ մեծամտելն է, իրեն նրանից վեր դասելը...
Ի՞նչ է նշանակում դեռահասների մոտ գումարի ցուցադրում, այն էլ՝ ուսուցչի կողմից: Որ ունևո՞ր է, իսկ ունևորներն իրենց կերպարով բարձրանում են, եթե բարեգործություն են անում: Գուցե սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՞ն է ցանկացել ցույց տալ փողի գույնը, որ երբեմն տհաճություն է բերում իր հետ:
Նորից արձանագրեմ իրական դեպք: Տարիներ առաջ մեթոդական ձեռնարկ էի հրատարակել, որոշված էր շնորհանդեսի օրը: Իմ դասղեկական դասարանում տղաներից մեկը հանկարծ հարցրեց ինձ, թե շնորհանդեսից հետո հյուրերի համար երևի նախատեսված հյուրասիրություն կլինի, բայց հրավիրվելու՞ են իրենք: Ես հանկարծակիի եկա, բայց ինձ չկորցրի, հավանական գլուխս օրորեցի, որ իրենք էլ կհյուրասիրվեն, եթե ոչ հյուրերի հետ, ապա՝ առանձին դասարանով: Եվ շուտով դա իրականություն դարձավ, երբ ծնողների իմացությամբ՝ համապատասխան գումար փոխանցեցի դասարանի ավագին, որ իմ ժամանակի սղության պատճառով իրենք գնումներ կատարեն, ու հաջորդ օրը՝ դասերից հետո, տասնութ աշակերտի մասնակցությամբ՝ դասարանում տոնում էինք գրքի ծնունդը:
Ցուցադրական ոչինչ չկար այստեղ, երբ զարմանք կար, անսպասելիություն, հիացմունք, գոհունակություն ուսուցչուհուս հանդեպ, բայց, միևնույն ժամանակ, կազմակերպված ուրախ միջոցառումը մի նոր մտերմական հարաբերության դրսևորում էր, որ հաստատվեց մեր միջև ու դարձավ այն շարունակական մինչ օրս էլ, երբ վաղուց ավարտել են դպրոցը, բայց առիթից առիթ նրանք այցելում են ինձ՝ իրենց դասղեկի հետ ունեցած անցյալի վառ հիշողությամբ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8470 անգամ