«Հետք»-ը գրում է.
Հունվարի 15-ին Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպչել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել է, հետագայում արդեն` կապտել և ուռչել: Ուսուցիչն այդպես էլ չի ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել են դա:
«Դասի ընթացքում աղմուկ է եղել, աղջկաս կողքի նստած տղային ասել է` շրջվի, երեխան առաջին անգամ չի լսել, երկրորդ անգամ նորից բղավել է վրան, երեխան նորից չի լսել: Երեխան ասում է՝ գիրքն այնպես հեռվից բերեց... գլուխը փախցրել է տղան, ուղիղ աղջկաս քթին է կպել, որ ինքը միջնապատի հետ խնդիր ուներ: Երեխան ցավից մի կերպ, արցունքները զսպած, նստել է»,- ասում է Աննա Մուրադյանի մայրը՝ Լուսինե Սարգսյանը:
Լուսինե Սարգսյանը հավաստում է՝ գրքով հարվածելու, անպատվելու դեպքերն այդ դասարանում արդեն սովորական են դարձել, սակայն այս մասին ծնողներին չեն տեղեկացրել՝ վախենալով, որ կբարկանան, իրենց կմեղադրեն. «Երեխան բացահայտ ասում է՝ ես զզվում եմ ընկեր Նազանյանից, անընդհատ գոռում է, խփում է երեխաներին: Ես չուզեցա նշանակության տալ: Հնարավոր է և զայրացնեն, ակտիվ երեխաներ են, բայց բանից պարզվեց՝ հերիք չի գիտելիք չի տալիս, երեխաների վրա էլ ձեռք է բարձրացնում: Գրքով անդադար գլխներին հարվածել է: «Ռեխներդ փակեք», անշնորհք արտահայտություններ է արել: Երեխան գնում է տուն, ծնողին հարցնում է՝ մամա, ռեխն ինչ ա նշանակում»,- ասում է Լուսինե Սարգսյանը:
Մինչ երեխային հարվածելու դեպքը, Լուսինեն այլ ծնողների հետ դիմել էր դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին: Նրան խնդրել են փոխել ուսուցչին, քանի որ գոհ չեն եղել թե՛ նրա տված գիտելիքներից, թե՛ վարվելաձևից: Տնօրենը հավաստիացրել է, որ հաշվի կառնի բարձրացված խնդիրները, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել:
Արդեն վեց ամիս է` հարաբերությունները լարված են «4 բ» դասարանի մի խումբ ծնողների և դպրոցի տնօրենի միջև: Ծնողների փոխանցմամբ՝ ուսումնական տարվա սկզբին երեխաները դասվար չեն ունեցել, դեկտեմբեր ամսին նոր ուսուցիչ է եկել, որին երեխաները չեն ընդունում և հարմարվում` պատճառաբանելով, որ իրենց հարվածում, անպատվում է:
Ծնողները նաև բողոքում են դպրոցի շենքային պայմաններից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի դահլիճից և դասասենյակներից: Ասում են՝ դասասենյակները խոնավ են, պատերը` բորբոսնած, իսկ դահլիճն այնքան խոնավ է, որ արգելում են երեխաներին մասնակցել այդ դասերին, քանի որ դրանցից հետո մշտապես հիվանդանում են:
Սոնա Հովհաննիսյանը ևս արգելել է իր երկու երեխաներին մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին, քանի որ մշտապես հիվանդացել են: Ասում է՝ պատերը խոնավ են, հատակը` պոկված։ «Երեխան գնում է ֆիզկուլտուրայի, ուսուցչուհին ասում է՝ դու և եղբայրդ ոնց որ ոչխար լինեք: Գնում եմ տնօրենի մոտ, ասում եմ՝ ինչ իրավունք ունեք երեխային ասեք ոչխար, եթե ձեր պատալոկից բորբոսը կախված է: Ասում է՝ դա բորբոս է, ես հասկանում եմ, բայց սանէպիդկայանը գրությունով թույլ է տվել, որ էդտեղ ֆիզկուլտ անեն»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը:
Այս հանդիպումից հետո ծնողը դիմել է Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, որտեղից հայտնել են, որ այդ դպրոցում ստուգումներ չեն կատարել, իրենք չէին կարող թույլատրել բորոբոսապատ առաստաղով դահլիճում ֆիզկուլտուրա անել: Սոնայի խոսքով՝ տնօրենին այս մասին տեղեկացնելու հաջորդ օրը դպրոցի աշխատակիցներն առաստաղները մշակել են նավթով, փակել են դահլիճը, և երեխաները երեք օր ֆիզկուլտուրայի դաս չեն արել:
Չորեքշաբթի Սոնան և այլ ծնողներ հանդիպել են դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանին, կրկին տեղեկացրել իրենց բողոքների մասին: Սոնան նաև պատմել է, որ որդուն՝ Հայկ Վարդանյանին, ուսուցիչը պարբերաբար մաթեմատիկայի դասագրքով հարվածել է: Ծնողները պահանջել են փոխել ուսուցչին, սակայն Արիստակեսյանը հայտնել է, որ հնարավոր չէ: Սոնան ասում է՝ երբ տնօրենի սենյակ մտնելիս է եղել դասվար Անահիտ Նազանյանը, մեթոդմիավորման նախագահՇահվերդյանը դռան շեմքին դասվարի ականջին շշնջացել է, թե` կասես այլանդակ դասարան է, որի մասին ինքը լսել է. «Տնօրենն ասում է՝ հանեք տարեք, չի բավարարում ձեզ էս դպրոցը: Ասում եմ՝ Դուք տեղյակ եք, որ խփում են, ասում է՝ այո, տեղյակ էի, հո չէի հանելու այդ ուսուցչին: Ասեցի՝ չէ, մի հանեք, թողեք` երեխեքին լավ ծեծեն»,- ասում է ծնողը` փաստելով, որ տնօրենի հետ ունեցած այս զրույցի ձայնագրությունն ունի:
Ծնողները հունվարի 17-ին դիմում-նամակ են գրել դպրոցի տնօրենին՝ պահանջելով փոխել ներկայիս ուսուցչին՝ Անահիտ Նազանյանին, և որ մաթեմատիկա և մայրենի լեզու դասավանդեն նախկին ուսուցիչները: Սակայն, տնօրենը չի վերցրել ծնողների ներկայացրած այդ դիմումը:
Ծնողների փոխանցմամբ՝ դպրոցում դասավանդում են նաև տնօրենի քույրը, ամուսինն ու այլ բարեկամներ: Ծնողներից Տաթևիկ Ամիրյանի հաղորդմամբ՝ տնօրենի քույրը դասղեկ է մի դասարանի, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված: Ասում է՝ իրենցից հաճախ նաև պատճենահանման գումարներ են պահանջում՝ թեմատիկ աշխատանքները պատրաստելու համար: Պատճառաբանում են, որ պատճենահանելու իրենց սարքը փչացել է, այլ տեղ պետք է պատճենահանեն, սակայն ծնողները պարզել են, որ սարքն աշխատում է, և այդ պատճենահանումները տնօրենի քույրն է անում, ով դպրոցում սոցմանկավարժ է աշխատում: Տաթևիկը ևս տնօրենին բողոքել է դպրոցում տիրող անօրինականությունների, դասվարի կոպիտ պահվածքի մասին, վերջինս հակադարձել է, որ կարող է երեխային դպրոցից հանել, այլ դպրոց տեղափոխել։ «Ու որ դիմում ես, ասում է՝ սենց է, սա իմ տունն է, ես եմ որոշում, վերցրու թղթերը, հանի, տար ուրիշ դպրոց: Ես այս դպրոցն եմ ուզում, սա է ինձ հարմար, սա ինձ մոտիկ է: Էստեղ լավ մանկավարժներ կան, որ աշխատում են: Ինչի՞ պետք է հանեմ, տանեմ ուրիշ տեղ»,- նշում է նա:
Ծնողները նաև պատկան մարմիններից պահանջում են ուսումնասիրել դպրոցի գործունեության փաստաթղթերն ու կատարված ծախսերը, քանի որ կասկածում են, որ անօրինական գործարքներ և ուռճացված ծախսեր են արվել:
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հերքեց ծնողների նշած փաստերը: Ասաց, որ Աննա Մուրադյանին ուսուցիչը չի հարվածել, դա իրենց հետ որևէ կապ չունի: Դիտարկմանը, թե այլ երեխաներ ևս պատմել են, որ իրենց պարբերաբար հարվածել են, տնօրենը պնդում է, որ իրենց մոտ եղել են ծնողները, պարզաբանել են, որ նման բան չի եղել։
«Երեխայի քթի վրա ես ոչ մի հետք չեմ տեսել, դա ի՞նչ նկար է, ես չգիտեմ և նման բան էլ չի եղել, որ գրքով հարվածի, գրքի տեղը երևա երեխայի քթին»,- ասում է տնօրենը:
Անդրադառնալով դպրոցի շենքային պայմաններին՝ տնօրենը նշում է, որ 23 մլն դրամի աշխատանք կա անելու, որը մոտակա տարիներին ծրագրով պետք է իրականացնեն:
Խոսելով կրթության որակի մասին՝ Ժ. Արիստակեսյանը հավաստում է, թե ինքը, փոխտնօրենը, մեթոդմիավորման նախագահը դիտարկումներ են կատարել դասարանում և պարզել, որ ուսուցիչը ծրագրին համապատասխան ուսուցում է իրականացնում, երեխաների մոտ հետընթաց չկա:
Այս նյութը դիտել են - 7056 անգամ