Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում2018-01-24 09:33:00
«Ամեն նոր բացվող արևածագի հետ հոգիս ցնծում է, երկնքից ճառագող լույսը կենդանություն է պարգևում իմ աննշույլ հույսին, շուրջս տիրող խաղաղությունն հանգստություն է բերում ալեկոծվող հոգուս, մինչ գիտակցում եմ, որ դա կարող է տևել վայրկյաններ, որ, հիրավի, երանելի է այդ խաղաղ առավոտը։ Երբ ապրում ես սահմանի մոտ, անհնար է չուրախանալ անգամ նոր բացվող այգով, բայց միևնույն պահին՝ այդ խաղաղության շղարշի տակ սահմանն է, սահմանում կանգնած զինվորը։ Լոկ ըմբոշխնել չէ պետք այդ խաղաղ վայրկյանները, պետք է դառնալ դրանց ջատագովը, գնահատել և աչքի առջև միշտ ունենալ այն «համազգեստով» մարդուն, ով կերտում է այդ խաղաղությունը:
Երբեմն մտածում եմ՝ ես իրավունք ունե՞մ տխրելու, իրավունք ունե՞մ տրտնջալու իմ անձնական ապրումների համար, երբ սահմանում անայլայլ վիճակ է, երբ հայրենիքի ճակատագիրը դեռ անորոշ է:
Սահմանում ապրելով՝ երբեմն պետք է մեր մեջ անողոքաբար խեղդենք անձնական հույզերը և ապրենք սահմանում ապրող զինվորի ցավով, նրա ճակատագիրը դարձնենք մերը և ապրենք անանձնական ուրախությամբ։ Բայց մի՞թե ես մսից ու արյունից չեմ, մի՞թե քարից եմ, չեմ կարող բռնկվել, երբ խոցել են, արտասվել, երբ մտքերս խեղդում են ինձ, երբ ինձ մենակ և անօգնական եմ զգում։ Ներքին ձայնս սաստում է ինձ, որ իրավունք չունեմ, և շղթայում է ձեռքերս ու հոգիս, մինչ սիրտս ուզում է ապրել բոլորի նման խաղաղության օվկիանոսում։ Պետք է սփոփվել միայն նրանով, որ խաղաղությու՞ն է, բայց ինչու՞ մենք պետք է աշխարհից աղերսենք խաղաղություն, եթե ունենք խաղաղ ապրելու իրավունք։
Աշխա՜րհ, դու ինձ լսու՞մ ես, բայց ուզում եմ, որ խուլի պես չլռես, այլ՝ ինձ հասկանաս։ Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին քո խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չեն...Սա «սահմանն» է անորոշության, «սահմանը»՝ անողոքության ու անմարդկայնության։ Ես ուզում եմ հատել այդ «սահմանը», մի մեծ անջրպետ դնել և հայրենիքս դարձնել «ան-սահման»:
Կգա՞ այն օրը, երբ գիշերը՝ քնելուց առաջ, կնայեմ երկնի լուսատու ջահերին, չեմ հիշի, որ կա մի չարիք, որից անգամ այդ ջահերը կարող են կուչ գալ...Կգա՞ այն երանելի օրը, երբ կաղոթեմ ոչ թե սահմանի, այլ՝ հայրենակիցներիս հոգիների ներքին խաղաղության համար։
Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում»:
Վերջին տողը կրկնում եմ հուզված ու մի քանի անգամ, որ Սպասումը բոլորիս հոգում ծվարած ցավ է դարձել, ապրելու հույս, բայց անվերջ սպասում ենք ու՞մ, ինչի՞ն, որքա՞ն...Մի կյա՞նք, թե՞ մի քանի կյանքեր, որ խաղաղությունը մեր սեփականը դառնա, ու հայն իր հողում ապրի խաղաղ, մի նոր բարեկեցիկ կյանքով, որ բոլորիս երազանքն է դարձել:
Առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլում հայոց լեզվից և գրականությունից բարձր միավոր վաստակած 11-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի շարադրության տողերը դպրոցի ստուգող հանձնաժողովի անդամ ուսուցիչներիս ուշադրությանն արժանացան: Հարցաշարի վերջին առաջադրանքը՝ շարադրություն գրել «Երբ սահմանի մոտ եմ ապրում» վերնագրով, նա հասցրել էր գրել րոպեների ընթացքում՝ դրանով իսկ արտահայտելով իր հասակակիցների ու բոլորիս անհանգիստ ապրումները, երբ սահմանի մոտ ենք ապրում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 7862 անգամ