Ուսումնական գործընթացը միայն այն 45 րոպեն չէ, որ ուսուցիչը մտնում է դասարան2018-01-25 09:45:00
Նորից շոշափում եմ թեմաներ, որ գուցե և անդուր կլինեն շատ ուսուցիչների համար...Նպատակ չունեմ ինձ իդեալական ուսուցչի դերում ցուցադրել և ոչ էլ ցանկալի է, որ իմ հնչեցրած մտահոգությունների արդյունքում ինձ «գրողի ծոցն ուղարկեն», բայց չեմ խուսափում ասել այն ճշմարտությունը, որ դպրոցի ուսումնական գործընթացը միայն այն 45 րոպեն չէ, որ ուսուցիչը մտնում է դասարան, դուրս գալիս:
Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների բազմապիսի ձևերի օգտագործումը հնարավորություն է տալիս ապահովելու դաստիարակության և ուսուցման փոխներգործությունը, այսինքն՝ այստեղ բավականին մեծ առավելություն ունի դասերից դուրս տարվող աշխատանքը, որից խուսափում են շատ ուսուցիչներ:
Երբեմն ուսուցիչը կարծում է կատարելության գագաթնակետին է իր մանկավարժական փորձով, տարիների վաստակով՝ առանց գիտակցելու, որ մանկավարժի իր գործունեությունը պետք է ամբողջանա դասագործընթացի ու դասերից դուրս անցկացվող միջոցառումների համակցությամբ: Երբեմն ոմանց թվում է՝ միայն սահմանափակ թվով առարկաներ դասավանդող ուսուցիչներ պետք է նման աշխատանքներ տանեն սովորողների հետ: Իր մասնագիտությանը տիրապետող յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է աշակերտներին ընդգրկել նման միջոցառումներում՝ անկախ նրանից, թե ինչ առարկա է դասավանդում:
Այս իրողությունն արձանագրեմ օրինակներով: Քաղաքի կենտրոնական գրադարանում կազմակերպված գրքի բանավեճ-քննարկմանն ուսուցիչներ էին հրավիրված, ովքեր այս կամ այն պատճառաբանությամբ չմասնակցեցին միջոցառմանը: Այդ ընթացքում հնչեցրած ամենազավեշտալի արդարացումը դպրոցից գրադարան այն տարածությունն էր, որ պետք է տասնհինգ րոպե վատնեին՝ այնտեղ հասնելու համար: Իմ հաջորդ միջոցառումը պատմաերկրագիտական թանգարանում էր. ստիպված հատուկենտ մարդկանց հրավիրեցի, քանի որ այն նույնպես դպրոցից որոշ հեռավորության վրա էր:
Պատահում է՝ ուսուցիչը չի ցանկանում իրեն տեսնել այդպիսի աշխատանքում, բայց նաև չի բարեհաճում մասնակցել մեկ ուրիշ ուսուցչի կազմակերպած միջոցառմանը: Անտարբերությու՞նն է գերիշխող դառնում իր մանկավարժական աշխատանքի հանդեպ, թե՞ իր գործընկեր ուսուցչի կատարած ուսանելի աշխատանքը չտեսնելու հակումը, որ երկու դեպքում էլ բացասական հնչողություն է ստանում նման մոտեցումը:
Ամենացավալին վերջին միջոցառումն էր՝ զոհված ազատամարտիկի ծննդյան տարելիցին նվիրված: Այն դպրոցում կազմակերպվեց...Այս անգամ տարածությունը կրճատել էի, բայց այդ օրն իմ ամենօրյա գրառումներում ամաչելով ավելացրի այս տողերը. «Ես բեմահարթակին հայացքս հառել էի այն բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր զոհված ազատամարտիկի հիշատակի լուռ ունկնդիրներն էին, բայց հայացքս փնտրում էր նաև նրանց, ովքեր չկային, ու նրանց փոխարեն կարծես դահլիճի այն դատարկ նստատեղերի աղմկոտ ձայնն էի լսում, որ աղաղակում էին նահատակներին հիշելու պատգամի մասին, որ ապրողներս չմոռանանք երբեք այն հողին ձուլված հայորդիներին, երբ նրանք էլ ապրելու ծարավ ունեին իրենց հոգում, բայց հողի գիրկն ընկան հավետ»:
Մանկավարժիս կողմից այս թերությունների վերհանումն ընդհանրական է, ամենևին չպետք է իմ գրառումներում տեսնել միայն մեր դպրոցը, այնտեղ դասավանդող ուսուցչին: Արտադասարանական ու արտադպրոցական բոլոր միջոցառումներն էլ շատ նպատակային ու հաճելի են աշակերտներին, բայց երբեմն նրանց համար էլ զարմանալի է դառնում իրականությունը, թե ինչու միշտ նույն ուսուցիչներն են կազմակերպում այդ միջոցառումները:
Հիշենք՝ այս գործընթացը, որ իրականացվում է դասերից հետո, այստեղ կարևոր չէ դասղեկ լինելու հանգամանքը, այն տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների մանկավարժական աշխատանքի մի մասն է:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8299 անգամ