«Ամուսնուս մարմինը գետնին էր, սկեսուրս գլուխը խփում էր մեքենային». ցուցմունք տվեց լեզվաբանը News
2018-01-29 10:51:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր` հունվարի 29-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը ամուսինն ու սկեսուրը հարսանիքի են գնացել, որից հետո տուն են վերադարձել, մի քիչ տանը մնացել եւ որոշել գնալ գյուղ:

«Ամուսինս պատմեց հարսանիքից, ասաց` գիտես Փառանձեմ, հարսանիքի գնալուց կարկուտի տակ ընկանք, բայց բախտս ընենց բերեց, ես Ավանի կամուրջի տակ էի, կարկուտը մեքենային չէր խփում: Ինչ իմանար` թե 1-2 ժամ անց ինչ կարկուտ է գալու իր եւ ընտանիքի գլխին»,- ասաց նա:

Փառանձեմ Մեյթիխանյանի խոսքով, դեպքի օրը, երբ սկեսուրն ու ամուսինը տնից դուրս են եկել, քիչ անց աղջկա հեռախոսին զանգ է եկել, որից հետո նա դուրս է վազել. «Աղջկաս հետ ուզում էինք դուրս գալ զբոսնելու, հեռախոսազանգ եկավ, աղջիկս վերցրեց՝ ծղրտոց լսվեց: Զգացի, որ աղջիկս շատ վատացավ, ինձ ուշադրություն չդարձրեց, դուրս վազեց: Տեսա աղջիկս հարեւանի մեքենան նստած գնաց, ես էլ մեր հարեւանուհու հետ տաքսիով հասել եմ դեպքի վայր: Տեսա «Ֆորդ» մեքենան կանգնած է, առաջացա, մեքենայի հետեւը ամուսնուս մարմինը գետնին էր, սկեսուրս գլուխը խփում էր մեքենային, աղջիկս էլ թուլացած ընկած էր: Մտածեցի` վթար է եղել, սկեսուրիս փաթաթվեցի, հարցնում եմ` ինչ է եղել` ասում ա՝ խփեցին: Ընկա Եղիշեի մարմնին, փաթաթվեցի, ասի` տաք է օգնեցեք, շտապօգնության բժիշկն ասաց` չէ տաք է, բայց չկա ինքն այլեւս: Ամուսնուս մարմնի վրա խոր վերք նկատեցի, կոշիկի մեկը հագը չէր»,- պատմեց նա:

Ավելի ուշ Փառանձեմ Մեյթիխանյանին դեպքի վայրում գտնված ու որդու սպանությանն ականատես եղած սկեսուրը պատմել է, թե ինչ է կատարվել. «Սկեսուրիս ասի` մամ ինչ է կատարվել, ասաց` դեմ դիմաց լույսերը վառած մեքենայով մեր վրա էին գալիս, հետո Եղիշեն արգելակեց, փախցրեց մեքենան: Նրանք ճռռացնելով կանգնեցրին մեքենան, Եղիշեն ասաց` այ անասուններ, ոչխարներ, էդ ինչ էիք անում, մուգ մեքենայից դուրս են եկել երեք տղա, մեկ աղջիկ, տղաները հայհոյանքներ են տվել: Սկեսուրս իջել է, երեք տղաները Եղիշեի վրա են եկել, սկսվել է կռիվ, քաշքշոց: Այդ ընթացքում տղաներից մեկը մեքենան մյուս մայթի վրա է տարել: Եղիշեն մեքենային հենվել, պաշտպանվել է, հետո երկրորդ եռյակն է եկել` երկուսը կոլոտ են եղել, մեկը` բոյով, որն ասել ա` ում  ախպորն ես խփում: Էդ ով որ ասել է` ում ախպորն ես խփում` ինչ-որ բանով Եղիշեի գլխին խփել է, դրանից հետո Եղիշեն գլուխը բռնել է ու ընկել»:

Էմմա Աբրահամյանը նաեւ նշել է, որ այդ տղաներից իր մեջ տպավորվել է «խոզի» դեմք ունեցող երիտասարդը, ավելի ուշ, երբ Փառանձեմ Մեյթիխանյանի աղջիկը նրան ցույց է տվել այդ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանին եւ Արարատ Նիկողոսյանին, Էմմա Աբրահամյանը միանգամից Արտաշեսին ճանաչել է, իսկ Արարատի համար ասել է՝ «Նկարով տեղը չեմ բերում, որ տեսնեմ՝ հստակ կասեմ»:

Փառանձեմ Մեյթիխանյանը, որոշ ժամանակ անց գնացել է այն ավտովերանորոգման կետը, որի մոտ տեղի է ունեցել դեպքը. նա զրուցել է դեպքին ականատես աշխատակցի՝ Հայկի հետ, որը պատմել է, թե ինչպես են տղաները ծեծի ենթարկել Եղիշե Խաչատրյանին, նա տվել է Արտաշեսի, Արարատի եւ Խաչիկի անունները: Նա նաեւ Փառանձեմ Մեյթիխանյանին ասել է, որ նրանց ծնողները գնացել են իր մոտ, Արարատի հայրն ասել է՝ «Տղա են, արել են, թող պատասխան տան»: Երբ Փառանձեմ Մեյթիխանյանը ներկայացնում էր դեպքի մանրամասները, մի պահ մոռացավ եւ ասաց՝ «Մտքիս թելը կտրվեց», որի ժամանակ ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանն ասաց՝ «Հորինելու բան ա, դրա համար էլ մոռանում ես»:

Իսկ ամբաստանյալներից Խաչիկ Չիչոյանը Փառանձեմ Մեյթիխանյանին խորհուրդ տվեց ցուցմունք տալուց առաջ չմոռանալ շշով ջուր վերցնել իր հետ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Այս նյութը դիտել են - 13653 անգամ