Կեցցե՜ն մեր սահմանները կյանքի գնով պահող քաջ տղաները (Նկարներ, Տեսանյութ) 2018-01-30 13:56:00
Յուրաքանչյուր տարվա Հունվարի 28-ին ևս մեկ անգամ առիթ ենք ունենում վերագնահատելու, վերաարժևորելու այն, ինչը մեզ խոշոր իմաստով այսօր հնարավորություն է տալիս ` դասվելու այն երջանիկ ազգերի թվին , որոնք ունեն Պետականություն, Դրոշի ու Զինանշանի սեփականատեր են: Հունվարի 28-ը , եթե կուզեք ,ոչ այնքան բանակի ,որքան համազգային վերազարթոնքի տոն պետք է համարել: Չկա ու չի եղել արևի տակ իր տեղը գտած այնպիսի մի ժողովուրդ , որին կհաջողվեր առանց իր քաջարի զավակների անձնուրացության այս արևի տակ իր տեղը գտնել,հարգվել, դառնալ ազգերի մեծ ընտանիքի լիարժեք անդամ :
Հայոց փառահեղ բանակին նվիրված տոնն , ինչպես հայտնի է , մեծ շուքով տոնվում է ոչ միայն Հայաստանում ,այլև աշխարհի շատ հայկական գաղթօջախներում : Լոս Անջելեսում ևս այդ օրվա առթիվ մեծ ու շքեղ միջոցառում էր կազմակերպվել , որին իրենց մասնակցությունն էին բերել տեղի հայ համայնքի շատ ու շատ հանրահայտ մարդիկ:
Նախ պետք է հատուկ ընդգծել , որ միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանից ժամանած ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու Քառօրյա պատերազմի մասնակից երկու հերոսներ՝ Մարատ Պետրոսյանն ու Նարեկ Մալխասյանը: Նրանք հատուկ էին Հայաստանից ժամանել Լոս Անջելես ` անմիջական հաղորդակցության մեջ մտնելու հայ համայնքի հետ : Միջոցառումը կազմակերպել էին Լոս Անջելեսի Իրանահայ միությունը ` ՀՀ Գլխավոր Հյուպատոսության ու ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ :
Նշենք, որ բուն միջոցառմանը նախորդել էր կրկին Իրանահայ միության կողմից կազմակերպված դռնփակ մեկ այլ միջոցառում, որին նույնպես իրենց աջակցությունն էին բերել ՀՀ ՊՆ-ն ու ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը: Այն փակ ընդունելություն էր ամերիկահայ քաղաքական կառույցների , կազմակերպությունների , լրատվամիջոցների ներկայացուցիչների համար , որին իրենց ներկայությունն էին բերել նաև հոգևորականներ , հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ և այլոք : Ինչ վերաբերում է բուն միջոցառմանն, ապա պետք է ընդգծել,որ այն չափազանց հաջող էր կազմակերպված ու անցավ աննկարագրելի ջերմ մթնոլորտում: Բոլորն առանց բացառությունների հուզված էին Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնք յուրատեսակ դեսպանները դարձան այն բոլոր հերոսների` կենդանի թե հավերժի ճամփորդի, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ միայն թշնամու առաջխաղացման կանխարգելումը: Միջոցառումը , որի ընթացքում իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին հայ արվեստագետներ՝ Անդրեն,Արմենչիկը, Գագիկ Բադալյանն ու իրանահայ հայտնի կատարող Անդին, դեռ երկար կհիշվի Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից: Միջոցառման սկիզբն ազդարարվեց տեր Ներսես քահանա Հայրապետյանի տերունական աղոթքով, ով ներկաներին նաև ողջունի խոսք փոխանցեց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան սրբազան Տերտերյանի կողմից:
Այնուհետև հնչեց ԱՄՆ ու ՀՀ ազգային օրհներգերը: Առանձին ելույթներով հանդես եկան Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը , քաղաքապետարանի խորհրդի անդամներ՝ Զարեհ Սինանյանը , Արա Նաջարյանը , Վրեժ Աղաջանյանը ովքեր իրենց խոնարհումը բերեցին հայ բանակի քաջարի զինվորներին ու հերոս տղաներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանն, ով ներկաներին ուղղված իր խոսքում հաստատապես վստահեցրեց, որ այսօր հայոց բանակի մարտունակությունը գերբարձր մակարդակի վրա է գտնվում, ու չկա այնպիսի մի մարտական խնդիր,որ չկարողանա լուծել բանակն այսօր, մի հանգամանք, որն, անկասկած, ուրախալի է ու չի կարող ոգևորություն առաջ չբերել:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Նարեկ Մալխասյանն ու Մարատ Պետրոսյանն, ովքեր երեկոյի ոգին էին դարձել և խոստովանեցին,որ չէին կարող ակնկալել նման լայնամասշտաբ ու ջերմ ընդունելության: Երեկոյի իրական աստղերն էին տղաները, որոնց հետ լուսանկարվելու, զրույցի բռնվելու ցանկություն ունեին անխտիր բոլորը: Նշենք նաև,որ միջոցառումն անկրկնելի դարձրեց նաև Հովիկ Գաբիկյանն, ով յուրաքանչյուր ելույթ ունեցողի յուրովի էր ներկայացնում:
Հայոց Բանակի 26-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման մեջ իրենց անգնահատելի լուման էին ներդրել, ի թիվս այլոց, հատկապես Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանն ու Գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռազմիկ Ստեփանյանը :
Ինչ խոսք` միջոցառումն ինքնին հրաշալի էր, որ նպատակ ուներ Սփյուռքի այս հատվածում ամրապնդելու հայկականության ոգին, մեծարելու Հայոց Բանակն ու ևս մեկ անգամ հիշեցնելու այն կարևորագույն դերակատարման մասին, որ ունեն ՀՀ զինված ուժերը ոչ միայն Հայաստանի,այլև Սփյուռքի կյանքում:
Անկասկած է նաև այն, որ բանակի նկատամբ մեր սերը պետք է դրսևորվի ոչ միայն խոսքերի միջոցով, ականջ շոյող քաղցր-մեղցր մաղթանքներով,այլև դավանած արժեհամակարգի ու դրանից բխող գործունեության միջոցով,որի կենտրոնը Հայաստանն է:
Չի կարելի մի ձեռքով քանդել, իսկ մյուսով կառուցել: «Ազգ-բանակ» հասկացությունն իրականում չափազանց խորն է, իր մեջ մի ողջ փիլիսոփայություն ամբարող, առանց որի հստակ գիտակցման անհնար է լինելու հզոր բանակի կերտումը, որն, ինչպես հայտնի է, անընդհատ գործընթաց է:
Հենց հայ ժողովուրդն է իր բոլոր հատվածներով այն հենասյունն, որին պետք է հենվի այսօր հայ զինվորը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, որ պետք է պահի հայ քաջարի մարտիկի թիկունքը: Քանի դեռ սրա հստակ գիտակցումը մենք չունենք,դատարկ են մեր կենացներն, անիմաստ են բարեմաղթանքներն ու ջերմ խոսքերը: Հա՛յ զինվոր, Հունվարի 28-ը քո տոնն է, ու մենք հպարտ ենք քեզանով ու անսասան հենց քո շնորհիվ: Հենց դու ես այն գլխավոր ու անհաղթահարելի խոչընդոտը խուժան թշնամու ճանապարհին, որին բախվելով նա գլորվելու է ցած, վերջնականապես ջախջախվելու: Դու՛ ես հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն ու գլխավոր պաշտպանը: Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ն մեր սահմանները կյանքի գնով պահող քաջ տղաները: Գայանե Մանուկյան