Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ահաբեկչության դեմ պայքարի եւ ֆինանսական հետախուզության գծով փոխնախարար Ադամ Զուբինը: BBC-ի «Պանորամա» հաղորդմանը տված հարցազրույցում Զուբինն ասել է, որ Պուտինը կոռումպացված է եւ որ Միացյալ Նահանգներն այդ մասին տեղյակ է եղել բազմաթիվ տարիներ:
«Ես այն մարդը չեմ, որ ձեզ թվեր ներկայացնեմ, սակայն կարող եմ ասել, որ նա ենթադրաբար պետությունից ստանում է տարեկան մոտ 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ անձի հարստության ճշգրիտ չափերը չեն: Նա ունի երկար տարիների փորձ՝ իր իրական հարստությունը թաքցնելու գործում», - ասել է Զուբինը:
Ադամ Զուբինի խոսքով՝ Պուտինն օգտագործում է իր պաշտոնը՝ սեփական ընկերների հարստությունը կրկնապատկելու նպատակով: Նշենք, որ պաշտոնական Կրեմլը հերքել է BBC-ի վավերագրական հաղորդման պարունակությունը:
Իր հարցազրույցի մեջ ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարարը նաեւ նշել է, որ Պուտինը առաջ է քաշում ընկերներին եւ դաշնակիցներին՝ միեւնույն ժամանակ մեկուսացնելով բոլոր նրանց, ում դաշնակից չի համարում: Պուտինի քաղաքական հակառակորդներից մեկի՝ 2015-ի փետրվարին Կրեմլի առջեւ սպանված ՌԴ նախկին փոխվարչապետ եւ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստր Ժաննա Նեմցովան «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանի իրավապահներին իր հոր սպանության գործով պատշաճ քննություն չանցկացնելու մեջ: Նրա խոսքով, ձախողված քննությունը պայմանավորված է առաջին հերթին քաղաքական դրդապատճառներով.
«Եթե դուք ոչինչ չանեք, ապա կշարունակեն սպանել», - ասում է նա:
Ժաննա Նեմցովայի խոսքով, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին եւ նրա շրջապատին հարցաքննելու բոլոր միջնորդությունները, որոնք արվել էին, հաշվի առնելով կասկածյալների եւ սպանությունն իրականացնողների ինքնությունը, մերժվել են Ռուսաստանի դատարանում:
«Այս պայմաններում քիչ բան է հնարավոր անել, սակայն, ոչինչ չանելն ավելի վատ է», - նշել է Նեմցովան:
Մեկնաբանելով Ռուսաստանից տեղափոխվելու պատճառները՝ Նեմցովան նշել է, որ սպառնալիքներ է ստացել, որոնց, հոր սպանությունից հետո ստիպված է եղել լուրջ վերաբերվել, ինչի պատճառով եւ Ռուսաստանի սահմաններից ժամանակավորապես դուրս է բնակվում:
«Մենք բոլորս անվտանգության մեջ չենք գտնվում, իսկ հետաքննության նկատմամբ իմ դիրքորոշումն անշուշտ Ռուսաստանի տարածքում իմ անվտանգության մակարդակը չի ավելացնում», - ասել է Նեմցովան:
Այս նյութը դիտել են - 1431 անգամ