«Թերթ»-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ մեկնարկեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատավարությունը։
Նշենք, որ 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը՝ քաղաքացի, այժմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու մասին և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից 14.06.1999թ. Զոհրաբյանին տրված թիվ 000640 դիպլոմն անվավեր ճանաչելու մասին
Դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ գործով ներգրավված 3-րդ անձ հանդիսացող Պաշտպանության նախարարությունից, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունից դատական նիստին չէին ներկայացել, դատական նիստին չէր ներկայացել նաև երրորդ կողմ հանդիսացող Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրանք միջնորդել էին վեճը լուծել առանց իրենց ներկայության:
«Գլաձոր» համալսարանից գործով որպես պատասխանողի ներկայացուցիչ ներկայացել էր Դավիթ Դանիելյանը:
Հայցվոր կողմից ներկայացել էին Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը և այլ փաստաբաններ: Հայցվորներից ոմանք չէին ներկայացել նիստին դատարանին անհայտ պատճառներով:
Դատարանը, քննության առնելով չներկայացած դատավարության մասնակիցների բացակայությամբ նախնական դատական նիստը շարունակելու հարցը, լսելով նաև դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց, որ կողմերը պատշաճ ծանուցվել են սույն գործի տեղի և ժամի մասին, չեն ներկայացել և ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով որոշում է սույն գործի քննությունը նախնական նիստը շարունակել չներկայացած կողմերի բացակայությամբ:
Դատարանի հարցին, թե բացարկի միջնորդություն հայտնողներ կա՞ն, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավորին ՝ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմքով:
Աթանեսյանը ներկայացրեց միջնորդությունը, որի մասին որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 2-ին:
Դատական նիստի ավարտին լրագրողների հարցին, թե երրորդ կողմ հանդիսացող Արա Զոհրաբյանին դիպլոմից զրկելու պահանջն արդյոք չի՞ դիտվի անձնական տիրույթում, Տիգրան Աթանեսյանն ասաց. «Ես որևէ անձնական վերաբերմունք չունեմ, խոսքն այստեղ գնում է այն մասին, որ Փաստաբանների պալատն ունենա 10 տարվա փաստաբանական ստաժ ունեցող նախագահ»: