Նրա զրուցակիցն է անգլերենի ուսուցչուհին
2018-02-01 10:01:00
Ակամայից, կարծես, ես էլ դարձա մասնակիցն այս հարցազրույցի՝ բարձր գնահատելով Արցախում գործող Թումո ստեղծարար կենտրոնի աշխատանքը, որի ուղղորդմամբ վերջերս դպրոցականներն անցկացնում են հարցազրույցներ ուսուցիչների հետ՝ ամրագրելով մի նոր մտերմիկ հարաբերություն դեռահասների և մանկավարժների միջև:
«Ես հպարտ եմ, որ դասավանդում եմ հայրիկիս անունը կրող դպրոցում»: Այս թեմայի շուրջ 8-րդ ա դասարանի աշակերտուհի Էլինա Սարգսյանի զրուցակիցը դարձավ անգլերենի ուսուցչուհի Նաիրուհի Բալայանը՝ Արցախյան ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի դուստրը:
Տիկի՛ն Բալայան, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:
Փոքր հասակում հաճախ էի հանդիպում օտարերկրացիների, և նրանց խոսակցական լեզուն ինձ շատ էր հրապուրում: Գյուղի դպրոցում, որպես օտար լեզու, ուսումնասիրում էի գերմաներենը: Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվելուց հետո ես սկսեցի անգլերեն ուսումնասիրել բարձր դասարաններում: Որոշեցի լեզվաբանի մասնագիտություն ձեռք բերել դպրոցն ավարտելուց հետո, բայց ընդունվեցի համալսարան և խորապես ուսումնասիրեցի անգլերենը:
Պատմե՛ք մի հետաքրքիր պատմություն Ձեր ուսանողական կյանքից:
Ուշանալու սովորություն ունեի: Համալսարանում սովորելու տարիներին մի օր ուշացա լատիներենի դասից: Այդ առարկայի դասախոսը ինձ ստիպեց արտասանել լատիներենով, որպեսզի թույլ տա ինձ նստել: Այլևս չհամարձակվեցի ուշանալ:
Ի՞նչ հիշողություններ ունեք պատերազմական
տարիներից :
Հիշողություններս բազում են: Մի օր գյուղում լուրեր տարածվեցին, որ հայրիկիս ջոկատի տղաներն ադրբեջանցիներ էին գերի բերել՝ հետագայում փոխանակում կատարելու նպատակով: Ես տասնմեկ տարեկան էի և երբևէ ադրբեջանցի չէի տեսել: Հայրիկիս խնդրեցի՝ թույլ տա տեսնել նրանց: Եղբորս ու քրոջս հետ այցելեցինք, հյուրասիրեցինք նրանց արցախյան բարիքներով: Ադրբեջաներեն լավ տիրապետող մի մարդ կար, ով ասաց, որ նրանք միայն խաղաղություն են ուզում: Նրանք առայսօր իմ կյանքում հանդիպած միակ ադրբեջանցիներն են:
Որտե՞ղ էիք ապրում պատերազմի տարիներին, երբ Ձեր հայրիկը մասնակցում էր պատերազմին:
Ես ծնվել եմ Արցախում և պատերազմի տարիներին ապրում էի Արցախում: 1992 թվականին, երբ իրավիճակն ավելի էր սրացել, ընտանիքս տեղափոխվեց Երևան:
Ի՞նչ հպարտությամբ եք մտնում դպրոց, երբ այն կոչվում է Ձեր հայրիկի անունով:
Մարտակերտի հ. 1 դպրոցը կրում է իմ հայրիկի՝ Վլադիմիր Բալայանի անունը: Ես հպարտ եմ, որ դպրոցը կրում է նրա անունը: Հպարտ եմ, որ նա պատկանում է այն մարդկանց դասին, ովքեր ի վերուստ նախատեսված են լինում մեծ գործերի, սխրանքների համար , ովքեր փոփոխություն են բերում և երբեմն էլ փոխում են պատմության ընթացքը:
Պատմե՛ք մի անսովոր դեպք Ձեր մանկավարժական գործունեության ընթացում աշակերտ- ուսուցիչ հարաբերություններից:
Զանգը հնչեց: Ես մտա դասարան: Երբ դասն ընթանում էր, նկատեցի, որ աշակերտներից մեկը մեկուսացած էր մյուսներից և գլուխը կախ ինչ-որ բան էր գրում: Ասացի նրան, որ գրիչը ցած դնի և լսի ուսուցչին: Նա մի պահ գրիչը ցած դրեց, բայց որոշ ժամանակ անց կրկին գրում էր: Դաս հարցրի, հրաժարվեց պատասխանել և ստացավ անբավարար գնահատական: Դասաժամն ավարտելուն պես՝ նա ոտքի կանգնեց և խնդրեց ինձ՝ լսել իրեն: Աշակերտն ընթերցեց այն, ինչ գրել էր ամբողջ դասաժամին: Պարզվեց՝ նա բանաստեղծություն էր հորինում իր ուսուցչի մասին: Տեսնելով նրա տաղանդը՝ զղջացի անբավարար գնահատականի համար:
Եթե ունենայիք մի կախարդական փայտիկ, ի՞նչ հրաշքներ կիրագործեիք:
Կախարդական փայտիկով Արցախ աշխարհիս խաղաղություն կբերեի, մանուկներին՝ խնդություն, իսկ մեծերին՝ իմաստություն:
Ի՞նչ նպատակներ ունեք ապագայում:
Նպատակները շատ են: Ես շատ եմ սիրում ճանապարհորդությունը: Եթե Աստված կամենա, անկասկած, կճանապարհորդեմ երկրներով մեկ: Շատ եմ ուզում ծանոթանալ տարբեր ժողովուրդների հետ ու նրանց մշակույթներին:
Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Բալայան, այս անկեղծ զրույցի համար:
Հարցազրույցը գրի առավ՝
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8055 անգամ