Հարցազրույց պատմության ուսուցչուհու հետ2018-02-02 21:45:00
8-րդ ա դասարանի աշակերտուհի Մալենա Մուսայելյանի հարցազրույցը Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանի հետ էր: Ինչպես ինքն է բնութագրում. «Միշտ բարի, միշտ ուրախ, միշտ ժպտերես... Իմ զրուցակիցը շատ լավ մարդ, կյանքի ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանն է»։
Հայտնի է, որ ունեք տարբեր մասնագիտություններ, բայց ինչո՞ւ որոշեցիք դասավանդել հենց «պատմություն» առարկան
Մարդը պետք է զարգացած լինի համակողմանի, ունենա գեղեցիկ որակներ, ես նախընտրեցի ազգային արժեքներին համահունչ գիտություն:
Ձեզ համար առաջնայինը ո՞րն է, մի փոքր կպատմե՞ք այդ մասին:
Ինձ համար առաջնայինը եղել և մնում է դպրոցը, այդպես էլ չսիրեցի պաշտոնը, միշտ էլ նախընտրել եմ անմեղ երեխաների հետ աշխատելը:
Ունե՞ք աշակերտի Ձեր իդեալը:
Աշակերտի իդեալը ես տեսնում եմ յուրաքանչյուր դասարանում երեխայի անհատականության մեջ և ամեն մեկին սիրում եմ յուրովի:
Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
Նայած ստեղծված իրավիճակին։ Նախասիրություններ ունեմ, բացի իմ մասնագիտությունից, ինձ հետաքրքրում են տարբեր բնագավառներ, ստեղծագործական բնույթի աշխատանքներ, նաև սիրում եմ հատաքրքիր նյութեր ընթերցել և դիտել:
Ինչի՞ մասին եք ավելի շատ սիրում կարդալ և ո՞ր գրողի ստեղծագործություններն եք ընթերցում:
Սիրում եմ և՛ հայ, և՛ օտար գրողներին։ Համարում եմ, որ հայ գրականությունը շատ բազմազան և հարուստ է։
Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում:
Առաջին հերթին սիրում եմ դասական երաժշտություն, սակայն լսում եմ նաև ազգային, ժողովրդական երգեր:
Ի՞նչ ֆիլմեր եք սիրում դիտել:
Հեռու եմ սերիալներից։ Սիրում եմ և՛ վավերագրական, և՛ գեղարվեստական, նաև՝ պատմողական բնույթի ֆիլմերը:
Վաղուց ունեցե՞լ եք այնպիսի երազանք, որը կատարվել է:
Երազել եմ դառնալ արժանավոր մարդ՝ պիտանի իմ երկրին, իմ հարազատ բնօրանին օգտակար։ Այսօր իմ երազանքը կատարվել է, երբ ես կարողանում եմ կրթել ու դաստիարակել ազգային ինքնագիտակցությամբ հասուն սերունդ ու կկատարեմ առաքինությունս այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտություն լինի:
Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք, որ տեղի է ունեցել Ձեր կյանքում:
Հետաքրքիր տեղեր շատ եմ եղել, բայց հիշում եմ, թե ինչպես եմ Աստծո կամքով փրկվել 1992-ի սեպտեմբերի 22-ի ռմբակոծությունից, ու ինձ թվում է, որ մինչև այսօր մեզ հետևում է պահապան հրեշտակը:
Մարտակերտում ամեն մի վայրկյանը վտանգավոր է, ինչպե՞ս եք հաղթահարում Ձեր վախը:
Վաղուց կառչել եմ հարազատ հողիս և վախի մասին խոսք լինել չի կարող:
Եթե ունենայիք կախարդական փայտիկ, առաջինն ի՞նչ կփոխեիք Երկիր մոլորակի վրա:
Ա՜խ, այդ կախարդական փայտիկը, երանի՜ իրականում լիներ, կկանխեի բոլոր աղետները, առաջին հերթին՝ պատերազմը և կստեղծեի մի թագավորություն, որտեղ միայն ու միայն խաղաղություն կտիրեր:
Ինչպիսի՞ն եք տեսնում աշխարհը քսան տարի հետո:
Հարցը շատ հեռանկարային է, եթե անկեղծանալու լինեմ, իմ երևակայության մեջ չի տեղավորվում այն իրականը, ինչ լինելու է քսան տարի անց։ Ուղղակի լավատեսությամբ կասեմ, որ ցանկանում եմ մարդկային հարաբերություններում փոխադարձ սեր ու հարգանք լինի, բոլորի համար շատ պահանջված հումանիզմ, գթություն, և ամեն մեկն ապրի իր հայրենիքում ու լավագույն արժեքները փոխանցի հաջորդ սերնդին:
Այսքանով ավարտենք մեր զրույցը, մնում է Ձեզ ասեմ՝ շատ շնորհակալություն՝ այս հետաքրքիր երկխոսության համար:
Եզրափակելով վերջերս հրապարակային դարձրած հարցազրույցները, որ անցկացրին դպրոցականները մի քանի մանկավարժների հետ, մի վերջին անգամ ողջունում եմ այս նախաձեռնությունը՝ համոզված, որ այսուհետ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից շարունակական կլինի նորարարությունների շարքը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8772 անգամ