Գեներալը չառերեսվեց Գրիշայի հետ. ո՞նց պատմեր ամորձատման մասին.lakmoes
2018-02-15 12:17:00

    «lakmoes»-ը գրում է.

Ինչպես հայտնի է, այսօր առերեսում պետք է տեղի ունենար Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի և ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի միջև։ Առերեսումը, սակայն, չի կայացել, քանի որ Աշոտ Կարապետյանը ներկայացել է նախաքննական մարմնին և հրաժարվել մասնակցել առերեսմանը՝ պնդելով, որ ինքը 2004 թվականին ցուցմունք է տվել և դրան ավելացնելու բան չունի։

 Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիշա Վիրաբյանը։ «Աշոտ Կարապետյանն ասաց, որ չի ուզում առերեսվել ինձ հետ ու հայտարարեց, որ ես այս ամենն անում եմ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ես էլ գրեցի, որ 2004 թվականին ինչ ասել եմ, պնդում եմ իմ ասածը։ Գրեցի, որ 2004 թվականին ես չգիտեի, որ Աշոտ Կարապետյանը պետք է հետագայում դառնար Երևանի ոստիկանապետ, գեներալի կոչում ստանար։ Ես պնդեցի, որ հիմնականում ինքն է ինձ խոշտանգել»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ Աշոտ Կարապետյանը հրաժարվել է առերեսումից, քանի որ ասելիք չունի։ «Եթե ասեր մի բան, պարզ կբռնվեր։ Եթե մարդը մաքուր լիներ, կհամաձայներ մասնակցել առերեսմանը, կպնդեր իր խոսքը, բայց մարդը փաստացի վախենում է։ Եկավ ու հրաժարվեց, որ իրեն հարցեր չտան, փաստաբանս ինձ հարցեր չտա։ Սա է ամբողջը»,- ասաց Վիրաբյանը։
Աշոտ Կարապետյանն այսօր մեր զանգերին չպատասխանեց։
Նշենք, սակայն, որ երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել էր, որ ինքը մասնակցելու է առերեսմանը, իրեն ոչ մի բան չի կաշկանդում։ «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- երեկ ասել էր քաղաքի նախկին ոստիկանապետը։
Մեր դիտարկմանը, թե ինչ է պատրաստվում ասել՝ պատմելո՞ւ է, թե ինչպես է խոշտանգել Վիրաբյանին, Կարապետյանը պատասխանել էր. «Կրկնում եմ՝ եթե այդ քննչական գործողությունը լինի, դուք էլ նախաքննությունից մանրամասներին կտեղեկանաք։ Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, պատրաստ եմ մասնակցել այդ առերեսմանը»։
Փաստորեն Աշոտ Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում ստել էր։ Նա պատրաստ չէ այդ առերեսմանը։
Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականին ակտիվորեն մասնակցել է բողոքի զանգվածային ակցիաներին, ինչի պատճառով նրան նույն թվականին կանչել էին ոստիկանության Արտաշատի բաժին: Ըստ Վիրաբյանի ցուցմունքների՝ այդ օրը ոստիկանությունում մի քանի ոստիկան, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, խոշտանգել են իրեն: Աշոտ Կարապետյանը, ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների, մետաղյա իրով խփել է իրեն, ապա ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը շարունակել է հարվածել և խփել Գրիշա Վիրաբյանի գոտկատեղից ներքև:
Վիրաբյանի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց Վիրաբյանին որպես փոխհատուցում վճարել 31 հազար եվրո՝ խախտված համարելով նրա իրավունքները: ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում այն իմաստով, որ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ»:
 
Այս նյութը դիտել են - 180944 անգամ