Հուշ-միջոցառում՝ ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի ծննդյան 60-ամյակին2018-02-20 11:50:00
Մեր դպրոցի անվանակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Բալայանի ծննդյան 60-ամյակն էր, ով եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերը: Բավականին ընդգրկուն ծրագիր էր նախատեսված ազգի նվիրյալի ծննդյան օրվա միջոցառումների շարքում, որն սկսվեց դպրոցում կանգնեցված նրա հուշակոթողի ծաղկեդրման արարողությունից: Այդտեղ էին Վլադիմիրի հարազատները, նրա մարտական ընկերները, ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, շրջանի ղեկավարությունը, բազմաթիվ հյուրեր՝ Երևանից և Ստեփանակերտից:
Հետպատերազմյան տարիներից, ինչ դպրոցը կրում է Վլադիմիրի անունը, նա միշտ էլ մեզ հետ է եղել մեր աշխատանքային առօրյայում՝ դպրոցում կանգնեցված հուշարձան կոթողի հիշողությամբ, ավանդույթ դարձած՝ նրա կյանքի հիշարժան օրերի հետ կապված միջոցառումների շարքով, կենդանության օրոք լեգենդ դարձած ազատամարտիկի հանդեպ ունեցած մեծագույն սիրով, մեր կողքին դպրոց հաճախող նրա թոռնիկների և ուսուցչուհի դստեր ներկայությամբ:
Նախատեսված միջոցառումների շարքը հագեցած էր: Դպրոցում ծաղիկներ խոնարհվեցին Վլադիմիրի հուշակոթողին, Աղաբեկալինջի գերեզմանոցում՝ նրա շիրմաքարին: Պաշտպանության բանակի զինվորների և դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-երեկոն ազգի նվիրյալի հիշատակի հավերժացումն էր՝ նրա ծննդյան 60-ամյակին նվիրված շնորհավորական խոսքերով:
Դպրոցի տնօրենությունը, ամբողջ ուսուցչական կոլեկտիվը, աշակերտությունը, շատ-շատերը վաղուց էին սպասում այս հոբելյանական օրվան, բայց այդ օրն առանձնահատուկ շուք ստացավ, երբ այդ միջոցառման հրավիրվածներս կրում էինք Վլադիմիրի դիմանկարով կրծքանշաններ, նաև առանձին հոգածությամբ հրավիրատոմսեր էր տրամադրվել բոլորին՝ մասնակցելու օրվա հանդիսությունների շարքին, իսկ դրանք պատվիրելու նախաձեռնությունը պատկանում էր Վլադիմիրի մարտական ընկեր, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանին, ով մասնակցում էր այս միջոցառմանը: Ողջունելի էր նաև նրա կողմից դպրոցին նվիրած համակարգիչը, որը շատերի համար տեսանելի չէր:
Միջոցառումը բացեց զինվորական նվագախումբը: Հրավիրվածները հոտնկայս ունկնդրեցին Արցախի օրհներգի խրոխտ հնչյունները, ապա ներկայացվեց Վլադիմիր Բալայանի կենսագրությունը, դրան զուգահեռ՝ էկրանին ցուցադրվող տեսանյութը նրա անցած ճանապարհն էր ուրվագծում, որ լի էր հերոսական դրվագներով ու տարբեր ելույթներով: Առանձնակի հետաքրքրությամբ սպասում էինք նրա մարտական ընկեր Հովսեփի խոսքին: Համոզված էինք շատերս, որ այն հագեցած կլիներ Վլադիմիրի մասին ականատես ազատամարտիկի պատերազմական հիշողություններով, բայց անորոշությամբ պատվեց այդ չկայացած ելույթը...
Գաղափարի նվիրյալի մասին տարբեր խոսքեր հնչեցին: Այդտեղ Մարտակերտի վետերանների միության նախագահ կար, մարտական ընկերներ, ապրիլյան պատերազմով անցած զինվորական, դպրոցի ուսուցչուհի, դեռահաս, ովքեր, մեկը մյուսից հետաքրքիր, յուրովի ներկացրին Վլադիմիրին՝ իրենց խոսքով, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո խոստովանությամբ, ծննդյան օրվա շնորհավորանքով: Արցախի վետերենների միության նախագահի անունից շնորհավորական խոսք ընթերցվեց. այդտեղ Վլադիմիրի անցած մարտական ուղու համառոտ նկարագրություն կար, նրա որդուն պարգևած հուշանվեր:
Զինվորների հայրենասիրական երգերը թախիծով լցրին ամբողջ դահլիճը, որ ազգի նվիրյալի անցած հերոսական ոգին էր ուրվագծում, անմնացորդ նվիրվածությունն ու նրա հանդեպ ունեցած այն մեծագույն հավատը, որ անգամ «վտանգի ժամին, եթե կանչեն Վլադիմիրին, նա կգա»: Դպրոցի աշակերտները ներկայացան ասմունքով, լեգենդար հրամանատարի հիշատակին նվիրված հայրենասիրական ուղերձով, որ նրանց սրտի խոսքն էր, սերնդեսերունդ փոխանցվող պատգամ: Անհնարին էր՝ չհուզվել Վլադիմիրի ավագ դստեր ելույթով. նրա խոսքերը ճաք տվեցին բոլորիս սրտերում, արցունքոտված էինք, թախծախառն հոգով:
Միջոցառումն ավարտվեց Մարտակերտի հանդիսությունների սրահում կազմակերպված հացկերույթով, որ ազգի նվիրյալի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկոյի շարունակությունը կարելի էր համարել: Տարբեր երգերի հրաշալի կատարումներով էր համեմված այս նոր ծրագիրը, որի վարողը մեր դպրոցի աշակերտն էր:
/Շարունակելի/
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8249 անգամ