5 տասնյակից ավելի կազմակերպություններ ու քաղաքացիներ բաց նամակով դիմել են Երևանի քույր քաղաքներին՝ կոչ անելով կասեցնել «Երևանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»:
23 քաղաքների քաղաքապետերին ուղղված նամակում հեղինակները ներկայացրել են փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած հրապարակային բռնությունը, երբ ֆիզիկական ուժ գործադրվեց ավագանու ընդդիմադիր կին անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի նկատմամբ։
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով և ներկայությամբ տեղի ունեցած բռնարարքների համար, այլև շարունակել է ավագանու ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները։ Բռնարար և կոռումպացված քաղաքապետով ու ավագանու անդամներով քույր-քաղաք ունենալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքի ղեկավարությանն ու բնակչությանը, ուստի կոչ ենք անում հրաժարվել բռնարար կառույցի հետ համագործակցությունից»:
Նախաձեռնության հեղինակ Աննա Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում բացատրեց՝ այս գաղափարի հիմքում դրված միտքը խնդրի հանրայնացումն է․ միջազգային կարծիքը կարող է ազդել քաղաքապետարանի, նաև Տարոն Մարգարյանի հետագա պահվածքի վրա։ «Բացարձակ անպատժելի թողնելու միտումը զայրացրել է քաղաքացիներին: Քաղաքապետարանն ունի միջազգային կապեր, ու նաև դրսում ինքը պետք է պատասխանատվության կոչեր ստանա, միջազգայնորեն»,- ասում է Աննա Շահնազարյանը:
Բաց նամակի տակ ստորագրած կազմակերպություններից է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որի ղեկավար Արթուր Սաքունցը թեև վստահ է, որ քույր քաղաքաներն իրենց բարեկամությունը Երևանի քաղաքապետարանի հետ չեն խզի, սակայն նշում է՝ սա կարևոր է քայլ է Տարոն Մարգարյանին ու իր թիմակիցներին սթափեցնելու համար։ Ավագանու հանրապետական տղամարդկանց բռնարար կերպարի մասին տեղեկանալով՝ քաղաքապետարանի միջազգային գործընկերները համապատասխան հետևություններ կանեն՝ կարծում է Սաքունցը։
«Այպես կոչված բարեկամական հանդիպումների ժամանակ այս նամակում նշված փաստական հանգամանքների հիշատակումն ամենևին էլ հաճելի տրամադրություն չի ստեղծելու պարոն Տարոն Մարգարյանի կամ իր խմբակցության անդամների մոտ: Այսինքն՝ պետք է իրենք զգան, հասկանան, նաև այս միջոցով, որ անպատասխանատու և անպատժելի չի կարելի լինել»,- ասում է իրավապաշտպանը:
Այս նյութը դիտել են - 9247 անգամ