Կրկին դու ես հյուրս, իմ մայրենի՛
2018-02-28 10:08:00
Հարմար գտա 11-րդ ա դասարանում սովորող իմ աշակերտուհու՝ Լուիզա Մամունցի՝ օրեր առաջ գրած այս շարադրությունը տեսանելի դարձնել՝ ցանկանալով նորից ու նորից ահազանգել այն վտանգի մասին, որ առկա է մեր շրջապատում, առավելապես՝ այս տարածական աշխարհում, ուր հայերենը կորցրել է իր կայունությունը և ամենուր վխտում են սխալ բառերի գրությունները: Որքա~ն կցանկանայի, որ մայրենին ամեն իրիկնամուտի հյուր գար յուրաքանչյուրին այնպես, ինչպես իմ աշակերտուհուն են հյուր եկել աստվածատուր մաշտոցյան տառերը:
«Իրիկնամուտին կրկին դու ես հյուրս, դուռս թակողը ու միտքս քեզնով պարուրողը: Գնանք շրջելու, իմ «ընկե՛ր», իմ մայրենի՛ լեզու: Դու դարերի խորքից հարություն ես առել և արմատներ գցել այն հողում, որտեղ հայկյան ողջ գերդաստանն է ապրում: Դու ես արմատավորել նախնիներիս տոհմածառը, որի գագաթնակետին այսօր ես եմ կանգնած, ես եմ քեզնով ապրողը, քեզնով կրթվողն ու բանիմաց դառնողը: Հնամենի պատմություն ունես, բայց հնամաշ չես: Աստվածատուր են մաշտոցյան տառերդ, դրանցով թոթոված առաջին բառերս:
Մաշտոցյան ձեռքով կերտվեցին, վաղեմի խաչքարերին փորագրվեցին, մարտիկների հոգում հանգրվանեցին, նոր կյանքով լցրին, ապրելու միտք ծաղկեցրին: Խաչքարերին փորագրվածը սրտի տրոփյունով ընթերցողի շրթունքն է ճաքեցնում, մարդիկ են քարանում զարմանքից, սարսուռն է նրանց պատում, հոգիները՝ փոթորկում:
Երբ լեռնային բնաշխարհս վշտի միջով էր անցնում, նրա քայլերին զուգահեռ՝ դու էիր քո գանձարանով քայլում, ուղեկցում, միշտ սատարում մեզ: Եվ հենց քո փառքի, հզորության ու էության շնորհիվ այն կրկին ոտքի կանգնեց, լուսավոր ուղիով շարժվեց դեպի ազատություն...
Կարծես բառերով լի մի շտեմարան լինես՝ պարսպապատված ոսկյա դղյակում: Թվում է՝ դարավոր նիրհից նոր֊-նոր արթնացող ժողովրդիս խոսք ունես հայտնելու, լուսավորության նոր ուղի ունես ցույց տալու: Խոսուն են, քո դղյակի մի անկյունում դրված, փոշոտված, բայց ոչ հնացած ու մոռացված սրբազան գրականության էջերը: Գրքեր, որոնք հիվանդների են բուժել: Գրքեր, որոնք քո պատմությունն են ջրի երես հանել, հասարակ գյուղացու սխրագործություններն են պատմել, հացի արարումն են քայլ առ քայլ ներկայացրել, մարդկանց ապացուցել, ցույց տվել այն ուղին, որով անցել և մեր օրերին են հասել:
Քո սրբասուրբ տառերով ու Սևակի գրչով «Անլռելի զանգակատուն» արարվեց, որտեղ «ոգին մեր հայության, Թե այրվեց էլ, ո՛չ, չի~ կորչում. Ելք է ճարում նո՛ր հարության, Եվ... ո՛չ որպես փյունիկ թըռչուն, Այլ... հայի~ պես»: Ու չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանին»՝ քո հայաբառ հնչյուններով ինձ հետ է միշտ, որ չմոռանամ «...ես ողբաձայն երգերը մեր, Աղոթք դարձած երկաթագիր գիքերը մեր»: Եվ տառերդ տերյանական այն թախծագին ու լուսավոր մթնշաղի անուրջներն են ինձ տանում, ուր «Ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցնորում է կապույտ մութի աշխարհում...»:
Սակայն ամենն այնքան էլ գունեղ չէ: Օտարացած հայեր կան, որոնք մոռացել և երես էլ չեն դարձնում քեզ ու քեզնով գրված գրերին, որ դիմակայել և ապրեցրել են հային: Երբեմն հայը չի խոսում քեզնով...Գուցե սրտում փափագում է հայրենադարձություն, մրմնջում, բայց չի բարձրաձայնում, գոռում-֊գոչյունով, ի լուր աշխարհի, քեզնով ձայնը չի դղրդացնում:
Ու՞մ է պետք այս «ուխտադրժությունը»: Մեկը թողնում, հեռանում է բնօրրանից, բայց մրմնջում իր մայրենին: Մյուսը՝ մոռանում անհետք, ասես, չգիտի, չի էլ իմացել, թե ինչպես են մաշտոցյան տառերն իրեն հասել, ինչպես է առաջին անգամ այն հնչեցրել, մի երրորդն էլ խորհում, հույսով լուսավորության է սպասում ու վերադարձի: Իսկ այստեղ՝ հայրենիքում, լազուր երկնակամարում սավառնող աղավնին քո տառերով գրված զինվորի նամակն է մորը հասցնում, ով թոնրատնում հաց է թխում և արտասվախառն ժպտում, երբ կարոտը որդու ձեռագրից է առնում:
Իմ մայրենի՛, դու ես զորությամբ լցրել աշխատավորիս, տունս, հայրենիքս: Դու ես նոր ուժ փոխանցել քաջ մարտիկիս, հայրենակցիս: Դու ես նրանց հույսը, լույսը, օրվա հացն ու ջուրը: Հայկյա՛ն լեզու, դու ես հայրենիքս շենացնողը, մայր հողս ապրեցնողը: Հենց դրա համար էլ քեզ հետ անցա այս երեկոն՝ մտքիս թելը պարուրելով, նոր գաղափարներով լցնելով...»:
Մայրենիին ուղղված մտերմիկ զրույցում նոր սերնդի քաղցրաբառ շունչն զգացի այս տողերում: Բայց ցավում եմ, որ համացանցում ամենատարածված որոնման համակարգի միջոցով նույն բառը լատինատառ հայերենով ավելի շատ է փնտրվում, քան՝ մեսրոպատառով, և կամաց-կամաց մարդն անտեսում է հայերենի ուղղագրությունը, գերադասում լատինատառ հայերենը: Սրտացավություն եմ զգում մայրենիի հանդեպ, դողում նրա սխալ արտաբերված կամ գրված բառի համար, ցանկանում սրբորեն պահենք մայրենին, որ դարերի խորքից է եկել, դարերին հասել:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8064 անգամ