Մարտի մեկ: Գարնան զարթոնք: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, որ նշվում է որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման, քարոզչության օր: ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության բնագավառում կառավարության լիազոր մարմնի՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպոցում այն սկսվեց կրթօջախի դահլիճում կազմակերպված մի փոքր հավաքով, որտեղ 8-12-րդ դասարանի աշակերտներին և ուսուցիչներին իրազեկվեց այդ օրվա խորհրդի մասին՝ պատմության ուսուցչուհի Ա. Գաբրիելյանի ելույթով:
Տեղեկացանք, որ 1972 թվականին են Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատել կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել նույն թվականի մարտի 1-ին, և ՔՊՄԿ-ն այդ օրը սահմանել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Հայաստանը 1994-ի ապրիլից դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ։
Քանի որ քաղաքացիական բնակչության պաշտպանվածության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում, առաջինը դա հասկացել է ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, ով 1931 թ.-ին Փարիզում հիմնել է «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Սրա նպատակն էր` առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի կարգի քաղաքացիական բնակչություն։
Մեր դպրոցում Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումն անցկացվեց յուրաքանչյուրիս զուսպ գործելակերպով: Դրա նպատակն էր՝ բարձրացնել տեսական գիտելիքներն օբյեկտային վարժանքների պլանավորման և անցկացման գործում, կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ: Հարկ է նշել, որ տնօրենությունը, ուսուցիչները, աշակերտները, բոլոր աշխատողներն ըմբռնումով ու պատասխանատվության զգացումով մոտեցան տարհանմանը՝ կարևորելով դրա նշանակությունը:
Անցկացված օբյեկտային վարժանքը հակառակորդի օդային հարձակման և դրա հետևանքների վերացմանն էր վերաբերում, որին մասնակցում էին արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի պետ Ա. Դանիելյանը և կրթության շրջանային բաժնի սպորտի գլխավոր մասնագետ Ն. Ավագիմյանը: Միջոցառման անցկացման համար դպրոցում քաղպաշտպանության պետ էր ընտրվել տնօրեն Լ. Պետրոսյանը, օբյեկտիվ վարժանքի շտաբի պետն էր ՆԶՊ առարկայի ուսուցիչ Մ. Մանուչարյանը: Դպրոցականների ընդգրկմամբ տարբեր խմբեր էին ձևավորվել՝ փրկարար խումբ՝ հետախուզական և փրկարարական օղակներով, առաջին բուժօգնության, հրշեջ խմբեր՝ առանձին ղեկավարներով: Նպատակն էր՝ կազմակերպել բոլորիս գործունեությունն արագ փոփոխվող պայմաններում:
Դպրոցականներից շատերը բավականին գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցին արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում ճիշտ վարվելակերպի վերաբերյալ:
Միջոցառման ավարտից հետո նորից քննարկվեց ամբողջ ընթացքը, քաղպաշտպանության վերաբերյալ այլ հրատապ խնդիրներ: Բոլորիս համար հասկանալի էր, որ Արցախում, առավելապես ապրիլյան պատերազմից հետո, մեծացել է քաղաքացիական պաշտպանության համակարգի դերը՝ բնակչության անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ դպրոցների դերը՝ որպես տարհանման հավաքակետեր, իսկ քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է պետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:
Նատաշա Պողոսյան