Դիանա Գրիգորյանը իր մտքի թռիչքով տորպետահարում է հայերիս բարոյականությունը, նամուսն ու թասիբը
2018-03-07 11:57:00
Որևէ մեկը, հատկապես վերջին շրջանում, ուշադրություն դարձրե՞լ է, թե ինչով է լցված հայկական հեռուստաեթերը:
 Բավական է 2 ժամ գտնվել հեռուստաէկրանի դիմաց, ու միանգամից պարզ կդառնա, որ բացի սերիալներից այսօր հայ հեռուստադիտողին ուրիշ ոչնչով չեն կերակրում.սերիալներն այսօր դարձել են ֆաստֆուդային ինչ-որ մի համասեռ զանգված, որով առավոտից երեկո կերակրում են մարդկանց ուղեղները:
Մի օրինաչափություն ունեն այդ ցածրորակ հայկական սերիալները. դրանց բացարձակ մեծամասնության սցենարների հեղինակը բոլորին քաջածանոթ Դիանա Գրիգորյանն է՝ մեկն, ով արդեն շատ երկար ժամանակ է, ինչ զբաղված է հայ հասարակության միտքը պղտորելով, թյուր արժեհամկարգերի համընդհանուր պրոպագանդայով:
Ինչո՞ւ ենք համարում,որ Դիանա Գրիգորյանի արժեհամակարգը փտած է, որովհետև միայն նման մեկը կարող է սեփական ազգին այլասերելու եկամտաբեր ֆունկցիան վերցնել իր ուսերին: Բռնաբարութուն, խուլիգանություն, ստորություն ու պանիկա՝ ահա այն ամենն, ինչով վարակված է Գրիգորյանի վայ տաղանդի յուրատեսակ արգասիքը հանդիսացող արտադրանքը՝ իսկական թույն, իսկական «անտիկուլտուրա», որ շատ հաճախ պատճառ է դառնում նորանոր հանցագործությունների ու հասարակության շրջանում հավելյալ լարվածության առաջացման:
Հարց է առաջանում՝ մի՞թե հեռուստաընկերությունները ստեղծվել են հենց միայն այն բանի համար, որ Դիանա Գրիգորյանի հարստացման խնդիրը լուծեն ի հաշիվ հայ մշակույթի ոչնչացման:
Մասսայական կուլտուրայի անքակտելի մասը համարվող հեուստատեսությունն այսօր վերածվել է այլասերված արժեհամակարգ քարոզող ինչ-որ մեքենայի, որը, կարծես գործում է թշնամու թելադրանքով, ղեկին էլ՝ տիկին սցենարիստը: Տպավորություն է՝ ասես Դիանա Գրիգորյանը գաղտնի համագործակցության մեջ է մտել թշնամական հատուկ ծառայությունների հետ ու իր մտքի թռիչքով տորպետահարում է հայերիս բարոյականությունը, նամուսն ու թասիբը: Լա՛վ, մի՞թե կարելի է նման նեգատիվով լցնել եթերը, մի՞թե կարելի է ֆիլմարտադրությունը, եթե, առհասարակ, մասնավոր հեռուստաընկերությունների կողմից ցածրաճաշակ սերիալների ստեղծումը կարելի է նման կերպ կոչել, հիմնել հակամարդկայնության,բռնության ու այլասերվածության վրա:
Հարց ենք տալիս Դիանա Գրիգորյանին՝ ի՞նչ պետք է մատաղ սերունդը սովորի նրա գրչի վայ արգասիքը հանդիսացած սերիալներից, հատկապես ինչո՞վ պետք է ներշնչվի…Տեսնես այս աղջիկը շատ վատ մանկություն է ունեցե՞լ և, առհասարակ, ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտում է մեծացել, որ կարողանում է նման աղետալի սցենարներ գրել ու դրանք վաճառելով՝ փող դիզել: Հարստանալ, անկասկած, պետք է ու լավ է, սակայն ոչ ի հաշիվ մյուսների բարոյական անկման ու հասարակության աղճատման: Փոխարենն արտոնելու Դիանա Գրիգորյանին քիթը մխրճել համապատասխան ոլորտ, շատ ավելի լավ կլիներ օրենքի ուժով կարգի հրավիրեին ու հավելյալ պարզաբանում պահանջեին նրանից՝ ինչո՞ւ է մատաղ սերնդին այլանդակում, խաղում մարդկանց հետ:
Հավատացե՛ք,որ փող աշխատելու շատ ավելի բարոյական ձևեր կան, քան այն,որն ընտրել է Դիանա Գրիգորյանը,ով յուր գրպանի պարունակության մասին հոգալու ճանապարհին,երևում է, կանգ չի առնում ոչնչի առաջ:
Իրականում դիանաները միայն հետևանքն են այն աննպատակ քաղաքականութան,որ տարվում է ոլորտում արդեն երկար տարիներ ի վեր: Հետո էլ խոսում են պատշաճ դաստիարակության, քաղաքացիական հասարակություն կերտելու, նորմալ պետություն ունենալու և, ամենակարևորը, հայ վեհ մշակույթը պահպանելու կարևորության մասին: Վերամբարձ խոսքեր շռայլելուց առաջ,պարոնա՛յք, բարի՛ եղեք, նախ Դինային կարգի հրավիրել ու հետո միայն փիլիսոփայել:
 Իսկ այսօր, ականատես ենք լինում հակառակին:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 22280 անգամ