Վերջերս ինձ ուղղված հարց կար, նաև այդ հարցադրողի ստույգ պատասխանն էր, որ վստահ է՝ իմ գրելուն պարզապես շահն է առաջ մղում: Երևի կլինեն մարդիկ, որոնց կհետաքրքրի այդ հարցը: Բայց մի՞թե զարմանալի չէ, որ չեն ուզում ոմանք հավատալ, որ գեղեցիկ է այն աշխատանքը, որն իրականացվում է հոգու և սրտի մղումով՝ առանց որևէ շահի ու նկատառման:
Վերջին երկու տարում այս տարածքում մեր դպրոցական կյանքն եմ նկարագրում, ու մանկավարժիս աշխատանքային գործունեությունը դարձել է «Մանկավարժի օրագիր» և դրվել ընթերցողի սեղանին, այն ունի նաև շարունակականություն՝ իմ գրվելիք նյութերի այս և գալիք օրերի հրապարակումով: Եթե շատ-շատերի համար անտեսանելի է իմ նյութական ապրելակերպը, ապա այն նկատելի է իմ շրջապատում, առանձնապես իմ ընտանիքում ու հաճախակի լսելի է իմ թոռնիկի պարզ ու ճշմարտացի խոսքում, որ ինչ ես զբաղվում եմ այս տարածքում նման գործունեությամբ, «աղքատացել եմ»: Եվ ես չեմ նեղվում այդ «աղքատացումից», կարևորը՝ հոգիս չաղքատանա, իսկ դրան երբեմն առերեսվում եմ, երբ ոմանք կարծում են՝ միայն շահից ելնելով կարելի է լավ գործ կատարել:
Իմ «աղքատանալուն» նպաստեցին երկու գործոն: Նախ՝ մեր դպրոցական կյանքը հանրությանը տեսանելի դարձնելու ճանապարհին ես կանգնեցրի կրկնուսույցի իմ քսան տարվա աշխատանքը, երբ դասերից հետո բուհ ընդունվելու համար աշակերտների հետ անհատական պարապմունքներ էի վարում հայոց լեզվից և գրականությունից: Այն համեստ գումարը, որ վաստակում էի իմ հիմնական մանկավարժական աշխատանքից հետո, կրճատվեց: Դա մի փոքրիկ եկամտի աղբյուր էր, որ ես կանգնեցրի, քանի որ մի դպրոց էի ներկայացնում, որին պետք չէր մեկ ուրիշ աշխատանք խանգարեր, ու նախընտրեցի հրաժարվել այդ նյութական եկամուտ բերող պարապմունքներից՝ հանուն այն ԱՆՇԱՀՈՒԹԱԲԵՐ աշխատանքի, որ ես եմ կատարում այս տարածքում:
Երկրորդ գործոնը, որ նպաստեց իմ «աղքատանալուն»: Այդ դպրոցական կյանքը, որ հրապարակային դարձրի, այն գիրք դարձավ դեռ մանկավարժիս գրած օրագրի առաջին մասի հրապարակումով, որն ունի շարունակություն, և այն իրականացվեց ուսուցչուհուս համեստ աշխատավարձով՝ նորից վնաս հասցնելով իմ գրպանին: Բայց չնեղվեցի, ժամանակի ընթացքում մոռացության տվեցի այն նեղվածությունը, որ ներքուստ ապրեցի, բայց սրտի ու հոգու լայն բացվածքով իմ հաշվին հրատարակած գրքերը սիրով նվիրեցի իմ մտերիմներին, աշակերտներին, ուսուցիչներին, նույնիսկ՝ անծանոթ ընթերցասերների:
Այս տարածքում մեր դպրոցը, այնտեղ դասավանդող ուսուցիչը, սովորող դպրոցականը տեսանելի դարձան շատ-շատերին: Եղան ու կան ընթերցողներ, գուցե կան նաև՝ անտեսողներ, բայց մի նոր կյանք տվեցի իմ այս հրապարակումներով իմ դպրոցին, իմ մանկավարժական գործունեությանը, որ դարձավ և՛ մանակավարժի ուսանելի փորձ, և՛ սահմանամերձ բնակավայրում ապրող նոր սերնդի ոգեղեն կանչ, և՛ դժվարություններին դիմակայելու հավատ, և՛ հայրենասիրության ազնվագույն մղում...Այս հրապարակումները լուսավոր կյանքով ապրելու կոչ դարձան, և չնայած պատերազմ տեսած սերունդն է մեր առջև, հավատը ճրագ դարձավ մեզ համար, որ կարողանանք լույսի ճամփան գտնենք ու ապրենք շատերի նման մեծագույն երազանքներով և երկարատև խաղաղության ակնկալիքով:
Մեր դպրոցական կյանքը տեսանելի դարձնելու ճանապարհին ես կորցրի իմ տեսողությունը, առողջական այլ խնդիրներ երևան եկան՝ կապված համակարգչի վրա իմ աշխատանքի, առանձնապես տողերի ամեն մի շարվածքի հետ, որ տեսանելի չի լինի պարզապես շահի տեսանկյունով մտածողների համար:
Եվ վերջապես ուզում եմ այդ հարցին պատասխանել իմ հարցադրումով. «Մի՞թե իմ կատարած աշխատանքն ամեն տեսակի շահերից ավելին չէ, քան պիտի կատարեի պարզապես ինչ-որ շահից առաջ մղվելով: Սա այն է, ինչ-որ գին չունի, սա այն է, որը հասանելի չէ շատերին, սա անշահութաբեր, բայց հրաշալի գործ է, որ վեհացնում, ազնվացնում է մարդուն: Սա այն է, որը երանության մեջ է պահում մանկավարժիս, որ այդ օրագրային գրառումներով շարունակեմ ապրել իմ դպրոցով, իմ մանկավարժական աշխատանքով, իմ խաղաղ բնակավայրով, այն լույսով ու հավատով, որ լցված է հոգիս, որպեսզի շռայլեմ բոլորին ամեն օր և ամենուր»:
Նատաշա Պողոսյան