Ի՞նչ տարավ տուն հանդիսատեսը՝ համերգից հետո...
2018-03-20 02:05:00
Մարտի 15-ին, Լոս Անջելեսի «ALEX » համերգասրահում տեղի ունեցավ «Վարպետներ» անսամբլի մեներգչուհի, Գյումրվա «Ոսկե վարպետ» և «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Անահիտ Սահակյանի՝ « Երգս՝ գարնան թևով » խորագիրը կրող նրա առաջին մենահամերգն , որն , անկասկած, տարվա ամենասպասված մշակութային միջոցառումների թվին պետք է դասել՝ ուղղակի շշմեցուցիչ մթնոլորտում անցավ :
Հոգեթով երգերով հայրենիքի կարոտը փարատող բազմավաստակ երգչուհու հրաշք ձայնի ելևեջներով հմայված հանդիսատեսը վերջապես կարողացավ ականատեսն ու մասնակիցը դառնալ մի միջոցառման, որի կարևոր նշանակությունը հատկապես հայապահպանության գործում , օտար ափերում, հայ մշակույթի հանրահռչակման իմաստով ուղղակի անգնահատելի պետք է համարել :
Երգչուհի Անահիտ Սահակյանն, իսկապես, արդարացրեց այն համարձակ սպասումներն, որ մարդիկ ակնկալում էին համերգից՝ ըստ էության սահմանելով մի նոր չափանիշ :
Այս իմաստով հատուկ պետք է ընդգծել հատկապես «Narciz» TV - իի հիմնադիր , պրոդյուսեր Հասմիկ Զալյանի գործադրած տիտանական ջանքերի կարևորությունն , առանց որոնց նման լայնամասշտաբ մշակութային միջոցառման անցկացումն ուղղակի անհնար կլիներ :
Ի դեպ՝ USArmenianews.com– ը ծրագրում է տեղի ունեցած համերգի կապակցությամբ առաջիկայում հարցազրույց ունենալ համերգի պրոդյուսեր Հասմիկ Զալյանի հետ:
Տեղեկացնենք, որ համերգի կազմակերպման հենց առաջին պահից, մայրական մեծ ջերմությամբ, երգչուհի Անահիտ Սահակյանին է աջակցել լոսանջելեսաբնակ պարուսույց՝ Էմմա Սարգսյանն, ով մեծ աշխատանք է կատարել համերգի կայացման գործում:
Համերգին իրենց մասնակցությունն էին բերել նաև Հայաստանից ժամանած արվեստագետները: 
Համերգի ընթացքում իրենց անհատական հրաշալի ելույթներով սիրված երգչուհուն ողջունեցին լոսանջելեսաբնակ, հայ ժողովրդական երգի արքա Պապին Պողոսյանն , էստրադային երգերի ինքնատիպ կատարող Վարուժան Միրզոյանը, ժողովրդական երգի մեծ վարպետ Արմեն Հովհաննիսյանն և երգչուհի, երգահան Մարգարիտա Մագի Խլղաթյանը:
Նշենք, որ նրանց կատարումները ուղղակի ցնցեց ամբողջ դահլիճը: Ապացույցը՝ հանդիսատեսի երկարատև ծափողջյունները: Ի դեպ՝ երգահան Մարգարիտա Խլղաթյանը հանդես եկավ իր հեղինակած «Ներիր ինձ» երգի պրեմիերայով, որն հատուկ նվիրեց իր համաքաղաքացի՝ «Շիրակի սոխակ» սիրված երգչուհի Անահիտ Սահակյանին:
Տեղեկացնենք, որ համերգի կապակցությամբ Հայաստանից ժամանել էին բազմավաստակ երաժիշտներ , մշակութային ոլորտի ներկայացուցիչներ , ովքեր իրենց մասնակցությունը բերեցին միջոցառմանը՝ դրան է՛լ ավելի մեծ շուք հաղորդելով : Նրանց թվում էին «Վարպետներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Գևորգ Մանասյանը, «Վարպետներ» անսամբլի գործիքային մասի ղեկավար, ակորդեոնահար Գևորգ Մովսիսյանը, վարպետ դուդուկահար Վահան Հարությունյանն, իսկ Լոս Անջելեսից նրանց միացել էին տաղանդավոր երաժիշտներ Հովհաննես Մեղրիկյանը ( ջութակ), «Գոհար» անսամբլի դիրիժոր, գործիքային մասի ղեկավար Սուրեն Խաչատրյանը ( ստեղնաշարային գործիք), Կարո Սարաֆյանը (կիթառ), Գարիկ Չարչյանը (հարվածային գործիք), Գագիկ Թորոյանը (բաս կիթառ), և Գրիգոր Պողոսյանը (դհոլ): Համերգին ներկա էր նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի» տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյանն:
Նկատենք , որ համերգը բացառիկ առիթ դարձավ , որպեսզի Հայաստանի ու Սփյուռքի սիրված կատարողներն ու երաժիշտները կրկին անգամ մեկտեղվեին ու իրենց համատեղ ելույթներով հիացնեին հանդիսատեսին , առանձնակի հմայք հաղորդեին « Շիրակի սոխակի » անկրկնելի մենահամերգին :
Ի դեպ՝ բացի ականավոր մշակութային գործիչներից՝ համերգին իրենց մասնակցությունն էին բերել նաև մի շարք ակնառու քաղաքական և պետական գործիչներ , մասնավորապես՝ Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարպետյանը, ով շնորհակալագիր հանձնեց երգչուհի Անահիտ Սահակյանին, նրա՝ հայ մշակույթի զարգացման ազգանվեր գործում ունեցած անգնահատելի ներդման համար, ինչը , պետք է խոստովանել , կարևոր գնահատական է երգչուհու ստեղծագործական կյանքի 25-րդ հոբելյանի առթիվ :
Բայց Քաղաքապետը միակը չէր , ով դատարկաձեռն չէր եկել համերգին, նրա հետ մեկտեղ երգչուհուն շնորհակալագրով պարգևատրեցին նաև Կալիֆորնիա նահանգի սենատոր Անթոնի Պորտենտինոն և ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը՝ բարձր գնահատելով ժողովրդական մշակույթում Անահիտ Սահակյանի ներդրած ջանքերը: Համերգին ներկա էր նաև Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն և այլոք : Ինչ վերաբերում է համերգի բուն ընթացքին , ապա նշենք , որ այն իրապես անկրկնելի մթնոլորտում անցավ :
Երեկոն , որը վարում էր գրագետ հաղորդավարուհի Արշալույս Դարբինյանն, անկասկած , դեռ երկար է հիշվելու համերգի մասնակիցների ու հանդիսատեսի կողմից՝ իր անջնջելի հետքը թողնելով ամերիկահայ մշակութային կյանքում : Բայց համերգի ավարտը դրա ընթացքից պակաս խոսուն չէր : Հանդիսատեսը չէր ցանկանում հեռանալ համերգասրահից՝ մեծ ցանկություն ունենալով անվերջ վայելել սիրված երգչուհու ներկայությունը : Բոլորը ցանկություն ունեին երգչուհու հետ գոնե մի պահ խոսելու, լուսանկարվելու, գրկախառնվելու, իրենց շնորհակալությունը հայտնելու կենդանի հնչողությամբ հայ երգը Սփյուռքում տարածելու համար:
Հաստատապես կարելի է ասել,որ երկար սպասված համերգն իսկապես ստացվեց բարձր մակարդակով: Լոսանջելեսահայությունն սիրեց ու գնահատեց Անահիտ Սահակյան երգչուհուն: Իսկապես հաջողությամբ պսակվեց մի կարևոր ու պատասխանատու միջոցառում , որի արձագանքները դեռ երկար են լսվելու , որից ստացված դրական տպավորություններն ու լիցքերը դեռ երկար են ջերմացնելու լոսանջելեսահայերի սրտերն ու վառ պահելու Մայր Հայրենիքի նկատմամբ սերն ու ամրապնդելու կապվածությունը Հայաստանի հետ : Ակնհայտ է , որ նմատիպ միջոցառումներն առանց հովանավորների իրականություն չեն դառնա:
Այս համերգն էլ իրականություն չէր դառնա, առանց հովանավորների: Նրանք շատ էին՝ գլխավոր հովանավոր « Eagle Foods, Inc. » ընկերությունը , հովանավորներ՝ « Mr. Martin » ընկերությունը , բարերար Էլվիս Մադաթյանը , « Graff » ռեստորանային շքեղ համալիրի տնօրինությունը, «Hope Diagnostic Lab, LLC»ընկերությունը, «Lilit Bakery»-ի տնօրինությունն և այլ ընկերություններ ու գործարարներ, որոնք այս պատասխանատու պահին երգչուհու ու նրա թիմի կողքին կանգնեցին , օգնեցին իրականություն դարձնել բոլորի կողմից երկար սպասված այս հրաշք համերգը :
Ի՞նչ տարավ տուն հանդիսատեսը՝ համերգից հետո...
Համոզված ենք, որ հանդիսատեսը տուն տարավ սիրելի երգչուհի Անահիտ Սահակյանի Մայր Հայրենիքից բերված «Երգս գարնան թևով» գարնանային շունչը, փոխարենը՝ իր հետ հայրենիք տանելով լոսանջելեսահայերի սերն ու ժպիտը, բուռն ծափողջուններն ու անթիվ ծաղիկները:

 
 
Այս նյութը դիտել են - 28801 անգամ