Համբուրեցի նրան, ով հուզվել գիտի, նաև՝ արտասվել
2018-03-20 13:07:00
Ես սպասում էի, որ նշված ժամկետում նա պիտի հանձնարարությունը կատարի, բայց անավարտ մնաց: Րոպեները ժամեր դարձան, իմ սպասումն սպառվեց, երբ այդ օրվա ավարտի վերջին վայրկյանը խփեց: Հարկավոր է ինչ-որ բան անել, բայց ի՞նչ, չէի կողմնորոշվում: Հիշեցի նրա ամիսներ առաջվա խոսքերից ու կառչեցի այն մի քանի տողերից, որ պիտի համ տար և հոտ իր գրած այդ օրվա մտքերին: 
Հաջորդ օրն առաջին դասաժամին նա մոտեցավ ինձ: Խոսում էր, գուցե արդարանում, իսկ ես չէի լսում նրան, երբ աչքիս այն անավարտ տողերն էին՝ Սարդարապատից մինչև Արցախ, այն տառապալից ճանապարհը, որ հայն իր կյանքի գնով էր անցել...Անցել է, նույնիսկ ծնկել, որ շունչ առնի նորից, բայց երբեմն չի բարձրացել տեղից, երբ վերքից հոսող արյունը ներծծվել է հողի մեջ, ու ինքն էլ վերջին շունչը փչել հողի գրկում անդարձ:
Ես խոսում եմ պատասխանատվության այն մեծ զգացողության մասին, երբ գիտեմ, որ ինքն էլ հենց դրան հավատարիմ է միշտ: Ու իմ խոսքում վիրավորանքն է խոսում՝ իմ սպասման անհասկանալի վիճակը ու մի անավարտ ճանապարհ, որ հույսով սպասում էի դեռ օրվա ավարտին, երբ բոլոր լույսերը վաղուց մարած էին արդեն:
Նա գնաց անսպասելիորեն հուզված: Աչքերն արցունքոտվեցին. դա տեսանելի էր, իսկ ես նրա մտքերի հետ էի, այն անավարտ տողերի, որ ավարտուն դարձան իր իսկ խոսքերով, երբ ամիսներ առաջ էր մտորել: Հանձնարարությունը կատարված էր, տողերը շարված էին, բայց սպասում էի արձագանքին, թե ինչ արդյունք կտար:
Մի հեռախոսազանգ, որ անցումն ապահովված էր այդ անավարտ առաջադրանքի, որ ավարտուն էր դարձել իր իսկ տողերով՝ այն անցած օրերի: Արտասվախառն այն աչքերն եմ տեսնում, շառագունած դեմք, հուսահատ հայացք ու մի հաղթանակ, որ այն անավարտ տողերն են բերել:
Հաջորդ օրը նա իմ առջև նստած է՝ հայացքը նստարանին հառած, թախիծը՝ դեմքին, անժպիտ ու անսովոր, և ես նրան կանչում եմ ինձ մոտ: Դասարանում բոլորի համար անսպասելի համբուրում եմ նրան այն արցունքների համար, որ անընդմեջ հոսել են նրա աչքերից: Գուցե զարմացա՞ն շատերը, որ իրենց ուսուցչուհին իր աշակերտուհուն համբուրում է արտասվելու համար, բայց տեսանելի էր, որ ամբողջ դասարանում աշխուժություն էր տիրում, լուսավորված էր միջավայրը, որ մինչ այդ անհանգստություն էր պատճառել նաև նրանց դասղեկին:
Ես շնորհակալ եղա նրան, ով իմ դիտողության արդյունքում հուզվել գիտի, նաև՝ արտասվել, հառաչել գիտի տխուր, շատ թախծոտ: Ես շնորհակալ եղա նրան՝ 11-րդ գ դասարանում սովորող իմ սիրելի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանին, ով կսկծացող սրտով արտասվել է՝ իրեն ուղղված իմ դիտողության համար...
Ես նորից նրան հանձնարարություն էի տալիս, նա մեղմ ժպտում էր: Ցանկություն հայտնեց՝ դաս պատմելու, և շուտով «գերազանց» ստացավ հայ գրականությունից: Այն երկնուղեշ փայտերին մոտեցող Չարենց բանաստեղծի մասին էր դասը, որ հայրենիքի համար պատրաստ էր իրեն զոհաբերեր, միայն թե ոչ մի զոհ չպահանջվեր իրենից բացի:
Մատյանում նրան գնահատելիս նորից վերհիշեցի այն արցունքները, այն հուզված դեմքը, որ հիմա լույսով էր ճառագում: Այս անգամ մտովի շնորհակալ եղա այն անավարտ տողերի համար, որ այդ արցունքների առիթը դարձան, ու ես հասկացա, նաև ուրախ եմ, որ մեր օրերում դեռահասը դեռ հուզվել գիտի, նույնիսկ՝ արտասվել, երբ ուսուցչուհին է դիտողություն անում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 15427 անգամ