Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառում Կահիրեյում
2018-03-21 09:58:00
Մարտի 20-ին Կահիրեի Օպերայի տանը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵԱՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Եգիպտոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի մասին՝ շեշտելով, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, որին ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։
Դեսպանը վստահություն հայտնեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո կայանալիք գագաթաժողովի արդյունքները կնպաստեն ֆրանկոֆոնիայի համատեքստում հասարակությունների մերձեցմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակը:
Այս նյութը դիտել են - 5711 անգամ