«Ռուսական խոսքի օրերը» մեր դպրոցում
2018-03-21 11:27:00
«Ռուսական խոսքի օրերն Արցախում» միջոցառումների շրջանակներում Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում հյուրեր ունեինք ժամանած. Ռուսաստանից ու Ստեփանակերտից մտավորականներ, կրթության և սպորտի շրջանային բաժնի վարիչը, տարբեր դպրոցների ռուսաց լեզվի մասնագետներ:
Դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներն ու աշակերտները դիմավորեցին նրանց, հայի հյուրընկալության բարձրագույն խորհուրդն աղուհացով նրանց ընդունելն էր՝ երաժշտության խանդավառ տրամադրությամբ, դպրոցի աղջիկների «Մարտակերտ» ազգային պարով, բուռն ծափահարությունների տակ: Հյուրերի կողմից ակնածանքի արտահայտություն էր դպրոցի բակում Արցախյան ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի հուշակոթողին ծաղիկների խոնարհումը:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանն աշակերտների հետ կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ, որն սկսվեց նրա իսկ բացման խոսքով՝ ուղղված հյուրերին, ուսուցիչներին, միջոցառմանը մասնակից ավագ դասարանների դպրոցականներին: Ուսուցչուհու կենսասեր, աշխույժ բնավորությունից բխող բարձր տրամադրությունը փոխանցվել էր բոլորիս, իսկ հաղորդավարներ Գոռ Ավագիմյանի ու Էլինա Սարգսյանի խոսքերում դարերի խորքից եկած ռուս-հայկական բարեկամությունն իր թևերն էր փռել շուրջբոլորը:
Դպրոցականներ Նաիրի Ջհանգիրյանի և Գերտրուդա Բեգլարյանի հայերեն և ռուսերեն հնչեցրած տարբեր երգեր հիացմունքով ընկալվեցին բոլորի կողմից, առավելապես մեծ անակնկալ էր նրանց հետ ուսուցչուհու՝ Նոնա Հայրապետյանի կատարումը, որ ուղեկցվում էր «Արմենիա մայա» երգի կրկնատողերով, հանդիսատեսի բուռն ծափահարությունների ու հիացմունքի ներքո:
Ռուս բանաստեղծ Վ.Կոնոպլյովի ներկայությունը նաև նկատելի էր բեմում ասմունքող դպրոցականների խոսքում, նրա ստեղծագործությունները նրանց շուրթերով մի նոր շունչ ստացան, որոնք լրացվում էին աղջիկների հայկական և ռուսական պարերով: Ազգային տարազներով աղջիկների պարերը հիացրին ամենքիս: Թերևս Ռուսաստանից եկած հյուրի համար մեծ անակնկալ էր նրա ծննդյան օրվա շնորհավորանքը և հուշանվերի հանձնումը, որ ուղեկցվեց հիացական խոսքերով ու բազմերանգ ժպիտներով: Ռուսական «Կալինկա» պարը բարձր տրամադրության գագաթնակետն էր՝ ուրախ ծափ ու ծիծաղով, անսահման մեծ ոգևորությամբ, առանձնապես, երբ հետո պարող աղջիկներին միացան Նոնա Հայրապետյանն ու ռուս բանաստեղծը:
Հանդիպումը ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ էր ընդգրկում, այն չափազանց ողջունելի էր այնքանով, որ ամենամյա միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ու դերն ուներ, որով ընդգծվում էր, թե Արցախում ինչպիսի մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին, որն ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական ամուր կապերի արտահայտություն էր, որի մասին իր ելույթում նշեց հյուրերից ռուսաց լեզվի մասնագետ Վերա Խաչատրյանը: Նրա կողմից նվիրվեց հուշանվեր-ժամացույց. ցերեկույթից ստացած մեծ հիացմունքն ու բավականությունը նա արտահայտեց բեմահարթակից՝ բուռն ծափահարությունների տակ: Դա վկայում է, որ մեզ մոտ արժևորված է ռուսաց լեզուն, որի մասին իր գնահատողական և շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ.Կոնոպլյովը, ով ամեն տարի այցելում է Արցախ: Նրա խոսքում հիշողություն կար ապրիլյան օրերից, երբ հերթական այցելության ժամանակ ականատեսն էր արցախցիների ապրումներին: Արցախյան հարցի մասին նա գիրք նվիրեց դպրոցի գրադարանին:
Մի քանի գրքեր նվիրեց նաև Արցախի ռուսական համայնքի ղեկավար, միջոցառմանը ներկա գտնվող Գալինա Սոմովան, ով իր խոսքում ընդգծեց ռուսաց լեզվի կարևորությունն ուսումնական հաստատություններում: Միջոցառման ավարտի եզրափակիչ խոսքը պատկանում էր շրջանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանին, ով արժևորեց նման միջոցառումների դերը, շնորհակալություն հայտնեց ռուսաց լեզվի ուսուցիչներին, հատկապես մեթոդմիավորման նախագահ և ցերեկույթի կազմակերպիչ Նոնա Հայապետյանին: Օգտվելով առիթից՝ նա միամսյակի շրջանակներում շնորհավորեց նաև կանանց տոնը:
«Ռուսական խոսքի օրերն Արցախում» միջոցառումն իսկական տոն դարձավ բոլորիս համար: Մասնակցելով այդ ցերեկույթին՝ մենք բոլորս էլ մեծ բավականություն ստացանք կազմակերպված միջոցառման, արժևորված աշխատանքի, ռուսական մշակույթի հետ նորից առնչվելու համար: Միջոցառումների շարքում նախատեսված բաց դասը 11-րդ բ դասարանում էր, ռուսաց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի Նինա Բադունցի մոտ, որն անցկացվեց բարձր մակարդակով, իսկ դրան հաջորդեց սեմինար խորհրդակցությունը շրջանի դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ: Տեղեկացանք նաև, որ հետդարձի ճանապարհին միջոցառմանը մասնակից ԿԳՍ նախարարության տեսուչ, պատմության մասնագետ Վրեժ Հարությունյանը մեր մյուս հյուրերին ուղեկցել է դեպի Տիգրանակերտից ոչ հեռու Վանքասարի եկեղեցին: Մնում է ասել, որ առ Աստված ուղղված նրանց լուռ աղոթքները թող հասանելի լինեն բոլորին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16016 անգամ