Գռեհիկ բառերի գործածությունը հարիր է գռեհիկներին2018-03-27 09:50:00
«Մանկավարժ» բառի գործածությունն ավելորդ եմ համարում այնպիսի կերպարների համար, ովքեր իրենց կեղտոտ հոգու բռնկուն ցասումը հանդարտեցնելու միակ ճանապարհը համարում են անվայելուչ արտահայտությունները, երբ գռեհիկ ձևով ասում են՝ չմտածելով, որ դրա արձագանքը հասանելի կլինի շրջապատին: Ամաչում եմ նույնիսկ, երբ ստիպված եմ չակերտների մեջ դնել այդ պատվավոր «մանկավարժ» բառը:
Տարիներ առաջ ականատես եմ եղել նման երևույթի, դրա արդյունքում իր հասանելիք պատիժը կրել է տվյալ ուսուցիչը: Մի երկրորդ անգամ առերեսվեցի կեղտոտ իրականության պատկերին, որ նորից «մանկավարժի» կերպարով է, եթե, իրոք, կարելի է այդպիսի անհատականությանը մանկավարժ կոչել: Նա փրկության միակ ճանապարհը գտավ, երբ իր իսկ արտահայտած գռեհիկ խոսքերը վերագրեց իրեն, որ ուրիշի ուղղված չէին, իրեն էին վերաբերում:
Բառի հետ գործ ունեմ, բայց նորից թերթում եմ բառարանը, որ գտնեմ նրա գործածած այն կեղտոտ երկու բառի գործածությունը, որ լսում եմ «մանկավարժի» կողմից: Բազմաթիվ հոմանիշների շարքում չեմ տեսնում այդ բառերի բացատրության մեջ որևէ մեկը, որ սազական լիներ նրան, ում ուղղված էին դրանք: Զարմանում եմ, թե մարդ արարածը որքան պիտի բառերի գործածության պահով այնքան բարձիթողի վիճակում լինի, որ չկարողանա իրեն զսպի, այլ ազատություն տա իր գռեհիկ լեզվին ու փրկության ճանապարհը համարի այն, որ ստիպված իրեն վերագրի այդ անվայել բառերը:
Եթե այդ բառերի կրողն է ինքը, ապա նա իրավունք չունի նման միջավայրում աշխատելու: Եթե նա ինքն է այդ բառերը գործածողը, ապա ինչպե՞ս կարող է նման անձնավորությունը դիտողություն անել մյուսներին: Զայրույթը մարդու համար է, բարձրաձայն խոսելը՝ նույնպես, երբ չհասկացվածություն կա միմյանց միջև, բայց հոգին դատարկ մարդն է միայն գռեհիկ խոսում, որ այդ դատարկությունը լցնի զազրախոսությամբ՝ չգիտակցելով, որ դրանով նսեմանում է, արժեզրկում իր իսկ կերպարը:
Արդյո՞ք նման անձնավորությունն ընդունակ կլինի գնահատելու ուրիշի աշխատանքը, երբ ինքն ունակ չէ կատարելու այն, ինչ շատ-շատերն են իրականացնում իրենց ազնիվ գործունեությամբ: Նման մարդու համար մի ստվար տետրում տեսանելի է դառնում միայն լուսանցքն անցած միակ տառը, երբ բազմաթիվ տողեր կան շարված հիասքանչ ու ընթեռնելի: Այդպիսի մարդու հայացքը պարապության մատնվածներին չի նկատում, երբ նրանց աշխատանքը միայն այն չորս պատերի արանքի քառասունհինգ րոպեներն են ու մատյաններում ամենօրյա գրանցումները:
Որքան էլ ցանկանամ արդարացնել նման անձնավորությանը, չեմ կարողանում, երբ անպարկեշտ արտահայտությունների կրողն է նա, երբ բառերի գործածությունը նրա բառապաշարում իր տեղն ու որակը կորցրել է, երբ վախից նա իրեն վերագրեց այդ բառերը, բայց անկախ նրանից, թե ում էին ուղղված, միևնույն է, գռեհիկ բառերով խոսակցությունը հատուկ է միայն գռեհիկներին: Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16797 անգամ