: Երեկվանից իշխանությունները վերադարձել են հին գործելաոճին և մարդկանց են բերման ենթարկում, ցրում ցույցերը . Armlur
2018-04-13 01:56:00
2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը ու այլոք պայքարում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ: Այդ ժամանակ Արտաշես Գեղամյանը, ով այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, արմատական ընդդիմադիր էր եւ պայքարում էր Քոչարյան-Սարգսյան սյամական երկվորյակների դեմ, որոնք «ավերում էին մեր երկիրը»: Եւ ահա ցուցարարները երթով հասնելով Բաղրամյան պողոտա, խորհրդարանի դարպասների մոտ հանդիպեցին փշալարերի եւ կանգ առան՝ որոշելով գիշերել Բաղրամյան պողոտայում: 
Սակայն գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով ՀՀ ոստիկանությունը ցրեցին հավաքը՝ ծեծելով ցուցարարներին, թիրախավորելով հատկապես լրագրողներին: Այդ ծեծի մեջ օգտակար էր միայն մի բան, որ Արտաշես Գեղամյանին էլեկտրաշոկով հարվածելու արդյունքում բուժվեց նրա ռադիկուլիտը:
Այս արյունալի միջադեպից անցել է 14 տարի, սակայն ինչպես տեսնում ենք, նախագահի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդել իշխանությունների ձեռագրի վրա: Նրանց վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել. ընդդիմությունը պայքարում է փողոցում, իսկ իշխանությունը ծեծում է մարդկանց: Թերևս միայն փոխվել է այն, որ Գեղամյանն արդեն ընդդիմություն չէ, եւ նախագահի երդմնակալությունը իր համար չափազանց կարեւոր օր է դարձել, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ չնայած ընդդիմադիր է, բայց էլի մասնակցում է «հանցավոր ռեժիմի» ներկայացրած նախագահի երդմնակալությանը: Այսօր Երեւանի Ազատության հրապարակում դարձյալ հանրահավաք է կազմակերպվել: Այս անգամ հարթակում են «Հանուն Հայաստան պետության ճակատը», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Մերժիր սերժին» նախաձեռնությունները: Երեկվանից իշխանությունները վերադարձել են հին գործելաոճին և մարդկանց են բերման ենթարկում, ցրում ցույցերը: Տեսնենք, թե այսօր՝ հանրահավաքի ժամանակ ինչ հրահանգ կստանա ոստիկանությունը: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 5889 անգամ