Նոր Այգեստանի միջնակարգ դպրոցում2018-04-15 00:26:00
Օրեր առաջ Նոր Այգեստան գյուղի ճանապարհին էինք՝ մեր դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի նախաձեռնությամբ: Բնության ծոցում ծվարած այս գյուղը 45 ընտանիք ունի, 158 բնակիչ, Արցախյան պատերազմից հետո հարազատ Չայլուն կորցրած ու այդտեղ վերաբնակված մարդիկ են, նրանց սերունդը, որ հաստատակամորեն պահում են հող հայրենին, ապրում իրենց հոգսերով: Իսկ գյուղական համայնքի պետ Արշակ Բաղդասարյանն առաջինն էր, ում հանդիպեցինք, և նա ուղեկցեց մեզ դպրոց:
Վաղուց գիտեի, որ այս կրթօջախը՝ չնածած փոքր, բայց բազում հաջողություններ է արձանագրել: Առանձնապես ուշադրությանս են արժանացել հայոց լեզվի և գրականության օլիմպիադաներում բարձր միավորներ վաստակած դպրոցականները, ուսուցչուհի Վարդուհի Հովհաննիսյանը, ում հետ երբեմն առնչվել եմ, և հիացրել են ինձ նրա ձեռքբերումները, որ միշտ էլ, իմ փորձից ելնելով, գիտեմ, որ քրտնաջան աշխատանքի արդյունք են:
Զրույցս դպրոցի երիտասարդ տնօրեն, բարեհամբույր ժպիտով Արմինե Նազարյանի հետ է: Նրա խոսքից զգացվում է, որ իր աշխատանքի հանդեպ ունեցած սերն անափ է, այդտեղից էլ այն դրական որակավորումը դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հանդեպ, որ համերաշխ են, ակտիվ մանկավարժական գործունեությամբ, ունեն 12 դասարան, որից երեքը՝ միացյալ: Դպրոցում աշխատում է տասնյոթ ուսուցիչ, սովորում՝ 41 աշակերտ:
Նոր Այգեստանի միջնակարգ դպրոցում նախատեսված ասմունքի մրցույթը՝ մի քանի դպրոցների աշակերտների մասնակցությամբ, նվիրված էր Մայիսյան եռատոնին, որին մասնակցեցին երկու տարիքային խմբի 18 դպրոցական: Հայ դասականների ստեղծագործությունների հայրենասիրական շունչը միախառնվել էր Արցախի բանաստեղծների ոգեղեն խոսքին, որ հայրենաշունչ էր ու հայրենակարոտ, արցախաբույր էր ու հայաստանոտ, ապրելու շարունակություն էր ու հոգու կանչ...
Երեխաների շուրթերով կարծես հայրենի տունը պաշտպանելու կոչ էր հնչում, և կրթօջախի զանգերի ղողանջին ձուլված հայրենին ելևէջվում էր, դեռահասների ասմունքում զգացնել տալիս հայրենի հողի բույրը, այն արցախաբույրը, որ տարածվել էր մեր շուրջը: Դժվար էր ընտրություն կատարել լավագույնների միջև, բայց տարբեր դպրոցների ուսուցչուհիներ Նինա Դանիելյանի /Ն. Հոռաթաղի միջնակարգ/, Բելլա Սահակյանի /Վ. Մինասյանի անվան հիմնական/, Վարդուհի Հովհաննիսյանի /Նոր Այգեստանի միջնակարգ/ հետ մեր համատեղ քննարկման արդյունքում ընտրվեցին տարբեր տարիքային խմբերի հաղթողները՝ ըստ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի:
Ուսուցչուհի Բելլա Սահակյանի՝ դպրոցականներին ուղղված խոսքը հիացմունքի, շնորհակալության արտահայտություն էին, որ իրենց ընտրած բանաստեղծություններում անմասն չթողեցին Արցախի մի քանի գրողների, երբ սիրով ասմունքեցին նաև նրանց ստեղծագործություններից: Արդյունքների ամփոփման վերջին խոսքը պատկանում էր ուսուցչուհուս, որ հագեցած էր շնորհավորանքով, բոլոր մասնակիցների հանդեպ ունեցած երախտիքի խոսքով, այս հանդիպման պահը հավերժացնելու առաջարկով:
Միջոցառումների շարքում նախատեսված սպորտի մրցույթը թենիսից աշխույժ մթնոլորտ էր ստեղծել շրջապատում, երեխաների բարձրակոչ ձայներին միախառնված ծափահարությունները դրա վառ արտահայտությունն էին: Այստեղ էլ հաղթողներ կային աղջիկների և տղաների տարբեր դպրոցների թիմերում:
Օրը հագեցած էր ուսուցիչների և աշակերտների՝ միմյանց հետ նոր ծանոթություններով, փորձի փոխանակմամբ, մտերմիկ զրույցով... Մնում էր շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս կրթօջախում նման ջերմ ընդունելության համար:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16377 անգամ