Այստեղ հերոս են նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում2018-04-16 10:44:00
11-րդ ա դասարանի իմ աշակերտուհու՝ Լուիզա Մամունցի շարադրությունը «Սարդարապատից Արցախ» խորագրի տակ Արցախյան շարժմանն էր վերաբերում, որ շրջանի լավագույնների շարքում ներկայացվել էր հանրապետական մրցույթին: Ապրիլյան պատերազմի ականատես աշակերտուհու շարադրանքում ուշադրության արժանացավ նրա ստեղծագործելու շնորհը, գեղարվեստական խոսքի ձևավորումը, պատկերավորման արվեստը: /Նատաշա Պողոսյան/
Հատված Լուիզա Մամունցի շարադրությունից
Ես պտույտ եմ կատարում ժամանակագրության անդաստանում, մտքերս փոթորիկ են բարձրացնում, սիրտս մորմոքում, երբ անցած օրերից պատմության ձայնն է ականջիս հասնում: Սարդարապատն իր հարյուր տարին է բոլորում, բայց հետքերն անհայտ չմնացին... Փրկվեց Հայաստանը, կարմրի, կապույտի և նարնջագույնի խառնուրդն օդում ծածանվեց, և Առաջին հանրապետության սկիզբը դրվեց: Երկամյա մի կարճ կյանք ու երեք տասնյակ տարի առաջ մեր լինելության համար Արցախյան շարժում, որ պիտի մի նոր պատերազմ ծավալեր ու նորից հայոց երկրի անկախությունն ամրագրեր: Ճակատագրի հեգնանքով թշնամու երազը փշրվեց, հայկյան ուժը խառնեց նրանց շարժման ընթացքը և հաղթական ցնծությամբ բարձրացավ Սարդարապատի բարձունքը, որտեղ ես էի կանգնած: Հանգիստ իջա այդ բարձունքից, հասա իրիկնամուտին իմ լեռնային երկրին, որ այգաբացն այնտեղ դիմավորեմ թե՛ խաղաղության, թե՛ կրակոցների ձայների ներքո: Հասա իմ երկրին, որ մարտում հաղթել ու կերտվել է, ոգեշնչվածությամբ հաստատվել և Արցախ է կոչվում: Աննման բնությամբ օծված մի երկիր, մի ամրակուռ ժողովուրդ, ումից ահ ու սարսափը վաղուց հեռացել, պայքարի վճռականությունն է մնացել:
Ես Հայկուհի տատի թոնրատունն եմ մտնում, Արցախյան շարժման ականատես եմ փնտրում: Հայկարամ պապը, ոտքից կաղալով, մեկիկ-մեկիկ քայլերով մոտեցավ թոնրին, ցախ գցեց, և կրակը բոցավառվեց: Նա աչքը հառեց կրակին, և բոցկլտաց սիրտը կիզված: Հայկուհի տատը ազգային երգի թախծալից մի քանի տողեր մրմնջաց և իր ձեռքում լավաշը պտտեցրեց: Նա թոնրի պատին կպցրեց, հետո կամաց լավաշները թոնրից հանեց, իրար վրա դարսեց: Ձեռքերս ալյուրով շաղախված՝ Հայկարամ պապին եմ լսում, երբ հարազատ մորից Արցախին խլել և խորթ մորն էին հանձնել. «1988 թվականն էր, փետրվար... Մի փոքրիկ երկիր առյուծի պես սկսեց դիմակայել, որ իր ինքնության ճանաչումն հաստատի և անկախ հռչակվի, Մայր Հայաստանին վերամիավորվի: Բազմաթիվ մտավորականներ ձեռք մեկնեցին արցախահայությանը և միահամուռ նպաստեցին արցախյան հարցի բարձրացմանը...»:
Պապը հոգոց հանեց, աչքի կիզակետից անցյալը հեռացավ, և նա նկատեց, որ կրակը մարել է: Ժամանակն էր թոնրատնից լավաշները տուն տանելու: Ես օգնում էի նրանց, և սանդուղքով բարձրանալիս Հայկարամ պապի վերջին բառերն էին մտքիս թելը պարուրել. «Արցախյան շարժումն սկսվեց խորթ մորից հեռանալու և հարազատ մորը միանալու համար, այն հասցրեց Արցախյան գոյամարտի, որտեղ համայն հայությունը ոտքի կանգնեց, նույնիսկ պատանի, թե հասակն առած հայորդիները պայքարի վճռականությամբ քանդեցին վրեժի կծիկը և ազատագրեցին հայրենի հողը»:
Ներս մտանք: Հայկարամ պապը նստեց թախտին, իսկ դիմացը հացի սեղանն էր...Ժամանակ անց լռությունը խախտվեց իր դստեր` Հասմիկի մատների շարժմամբ: Նրա մատները կորցրին իրենց տիրապետումը, երբ դաշնամուրի ստեղներին ուժգնությամբ հարվածեց: Նա ելևէջներ հյուսեց, որոնք անցած պատերազմական օրերի արտացոլանքն էին: Ցավը կիզում էր ներսից, բառերով չէր կարողանում խոսել, երբ անվասայլակին էր գամվել հրետակոծությունից հետո: Սրտի խորքից բխող վերջին զարկի հետ արցունքները հոսեցին, Հայկուհի տատը մոտեցավ, սրբեց դստեր արցունքները:
Հայկարամ պապի սիրտը ցավից կծկվեց, այլևս չէր ուզում խոսել: Վեր կացավ, իջավ նկուղ, որ մենակ մնա և ցավը սրտում սեղմի: Ես ծածուկ քայլերով մոտեցա դռանը և անցքից նայեցի: Փոքրիկ արվեստանոց էր: Հայկարամ պապի ձեռքերը կամաց սահում էին զոհված որդու անավարտ քանդակով:
Նորից տեսիլքի նման անցյալն է երևում ինձ... Մանկուց լսել էի, որ մայրս իմ տարիքին էր, երբ բնօրրանը թողել, հեռուներն էր գնացել: Այդժամ Արցախյան շարժումն էր, հետո՝ պատերազմ...Բազմերազ վիրավոր պատանիներ, նրանց ծաղկող մտքերի անկում...
Ես այդ օրերին դողացող ձեռքով իմ ապրած կյանքի անձայնելի պահը գրչի հարվածով հանձնեցի թղթի մի փոքրիկ կտորի: Փոքր էր այն, բայց խոսքերս այնքան մեծ էին, որ ցրտից ճաքած շրթունքներս մրմնջացին, սարսափի ուժով խոսեցին բառերով, որոնք խաղաղությամբ ննջում էին մինչ այդ խավարչտին գիշերը. «Այս ապրիլյան օրը ես թևեր եմ փնտրում, որ ճախրեմ, բայց մայր հողից այն կողմ չանցնեմ: Ես զենք եմ փնտրում, որ սահմանին հասնեմ, հույս եմ փնտրում, որ կարողանամ ահասարսուռ մտքերից ձերբազատվեմ: Եվ առ Աստված աղոթք եմ հնչեցնում, որ երկինքը ջինջը լինի, Արցախիս սահմանը՝ պաշտպանված»:
Արցախում հերոս սոսկ սահմանապահին չեն անվանում, այստեղ հերոս են նրանք, ում ականջներին դղրդյուն է հասնում, ում սիրտը պայթում և կրկին նոր զարկ է առնում, երբ թշնամու արձակած գնդակը «թիրախին» է հասնում... Այստեղ հերոս են նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում: Ես էլ հերոս եմ այստեղ, սահմանամերձ Մարտակերտում եմ ապրում ու ապրիլյան պատերազմի արահետով եմ անցել, բայց երբ հողում ամփոփված քաջորդիների քարե քանդակներին եմ նայում, ճմլվում է սիրտս, ցավից կծկվում: Սթափվեցի հանկարծ: ժամն է արդեն՝ Սարդարապատին, արցախյան այն պատերազմական օրերին հրաժեշտ տալու, երբ Արցախում ամեն բացվող օր երազի թևերով և խաղաղության ակնկալիքով եմ դիմավորում:
Նայում եմ հեռուն և փնտրում այն ուղին, որ տանում է դեպի հասկաբեր դաշտերը, ուր խաղաղ է այգաբացը, գերող է թռչունների ծլվլոցը, հոր և որդու քրտնաջան աշխատանքը, նրանց հաց ու պանիր հասցնող աղջնակի բարի ժպիտը: Աչքերիս առջև՝ անծայրածիր դաշտում, հողը հերկում, ցորեն են ցանում: Տեսա՝ ինչպես է տատն իր հին աղորիքը բանեցնում, պապը թոնիրն է վառում, մոր ձեռքով խմոր է հունցվում: Նայում եմ նրանց աչքերին, տեսնում մաշտոցյան տառերն անգին, նայում եմ նրանց ձեռքերին, տեսնում թափը զարկի, որ մի հարվածով մատյան են ստեղծում, ժողովրդի պատմությունն անմահացնում: /Մամունց Լուիզա/
Այս նյութը դիտել են - 17103 անգամ