Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:
Կառավարության նիստի ժամանակ նա ներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները, որոնց մասին Aysor.am-ը կհաղորդի առաջիկայում:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Կառավարության այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։ Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցւթյան պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, նա պատասխանել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։