Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին
2018-04-19 11:59:00

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավաքների իրականացումը չպետք է խանգարի, ուղղակի անհամաչափ ձևով խախտի որիշների իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին:

«Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են: Այլ երկրներում շատ հաճախ այդ դժգոհություններն ավելի սուր են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց բոլոր ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ փոփոխությունների մեջ է:

Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ երբ ամեն բան համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չի լինում:

«Հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտման ձևը` հանրահավաքներ, երթեր և այլն, ինչ-որ չափով պետք է սահմանափակի այլ քաղաքացիների և հասարակության իրավունքներն ու ազատությունները, կա սահման, որ չպետք է անցնել: Ե՛վ իրավապահ մարմինները, և՛ իշխանությունները, և՛ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ, իրենց մի քիչ նեղելով համակերպվում են այդ մտքի հետ: Բայց երբ  մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար հոգի անցնում են խաղաղ ցույցերով նախատեսված շեմն ու սկսում խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել որիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելու համար, թե ինչու ես՝ աշխատող մարդս պետք է գործից ուշանամ 3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել: Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են անպայման երկրում անկայություն ստեղծել: Սա է խնդիրը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե որքան երկար կարող է շարունակվել այս իրադրությունը, վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:

«Տեսնում ենք, թե այս ցույցերի ընթացքում իրավապահ մարմինները որքան զուսպ էին: Չէի ցանկանա, որ այդ անհամաչաությունն այնքան խախտվեր, որ իրավապահներն արդեն ստիպված լինեին հարկադրանքի միջոցներ կիրառել: Սա է ամբողջը: Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության»,- նշեց վարչապետ Սարգսյանը:

Այս նյութը դիտել են - 3947 անգամ