Լոսանջելեսյան մեր աղբյուրների հայթայթած տեղեկություններից երկու ուշագրավ մանրամասն է պարզվում ԱՄՆ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բուժման առիթով.
1. ՀՀ Վաշինգտոնյան դեսպանությունը և Լոս-Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը, դրսևորելով բարձր պետական մտածողություն, բացարցակապես չեն հետաքրքրվել առաջին նախագահի վիրահատության և ապաքինման ընթացքով: Եվ դա մի պարագայում, երբ, եթե չենք սխալվում, նախկին նախագահների առողջության նկատմամբ հոգատարության պարտավորությունը սահմանված է նույնիսկ օրենքով: Ուստի` հարց է առաջանում, թե ինչպես կարելի է Հայաստանի հանդեպ հարգանք ակնկալել այլ պետություններից, երբ ՀՀ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները այդպես են վարվում սեփական երկրի թեկուզ նախկին նախագահի հետ: Եթե սա է ՀՀ արտաքին գերատեսչության պատկերացումը երկրի պատվի մասին, ապա վայ այդ երկրին: Հուսանք, սակայն, որ տեղի ունեցածն արդյունք է ոչ թե վերևից իջեցված հրահանգի, այլ ՀՀ դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցների վախկոտության կամ կաշկանդվածության:
2. Հարութ Սասունյան անունով ոչ անծանոթ մի անձնավորություն, ցուցաբերելով բարոյական անկման մի աներևակայելի օրինակ, բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրենությանը՝ թե ինչո՞ւ են, առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, փողոցային խաբեբայի պես, նա իր նենգությունը «հիմնավորել է» նրանով, թե իբր լոսանջելեսահայության 99 տոկոսը ատում է Տեր-Պետրոսյանին: Բանից ուրեմն պարզվում է, որ քսու լինելուց բացի, Սասունյանը նաև տարրական ստախոս է, քանի որ նա մոռացության է մատնում այն հանրահայտ փաստը, որ 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին հենց այդ նույն լոսանջելեսահայությունը շաբաթներ տևող բազմահազարանոց ցույցեր, պիկետեր, շուրջօրյա հանրահավաքներ էր կազմակերպել ի պաշտպանություն ՀՀ առաջին նախագահի: Մի խոսքով, ինչ աստիճանի պետք է կորցրած լինել մարդկային կերպարանքը, այսպիսի գարշելի արարք թույլ տալու համար:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Այս նյութը դիտել են - 1526 անգամ