Համազգային շարժման նոր փուլը. Լոս Անջելեսում արվեստագետները միանում են շարժմանը
2018-05-03 02:10:00
 
Ինչպես հայտնի է, ամերիկահայությունն, ի պատիվ իրեն, անմասն չմնաց ու չէ այն համազգային պայքարից, որը տառացիորեն ցնցել է ողջ աշխարհը:
Մասնավորապես՝ Լոս Անջելեսում, ինչպես և Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում, շարունակում են անցկացվել չտեսնված բազմահազարանոց ցույցեր, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ կերտել իրապես անկախ,ազատ ու ինքնիշխան Հայաստան:
Ինչպես կյանքն ապացուցեց, ժամանակը միմիայն հօգուտ շարժմանն աշխատեց, ու ինչպես հայաստանաբնակներն, այնպես էլ Սփյուռքը համոզվեց, որ այն ուղղակի այլընտրանք չունի, ու եթե իսկապես ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանն ավելի բարեփոխված տեսնել, ապա հիմա իսկական պահն է՝ համապատասխան քայլ կատարելու ու նորանկախ Հայաստանի պատմությունը նոր ու սպիտակ էջից սկսելու:
Շարժումը, որ սփյուռքում ընդգրկում է հասարակական տարբեր շերտեր, այլևս իր մեջ է ներառել նաև հայ արվեստագետներին:
Խոսքը հատկապես վերաբերում է ամերիկահայ արվեստագետներին, որը թեպետ շարժման առաջին օրերին առավել պասիվ դիրքորոշում էր կարծես որդեգրել այս ամենի նկատմամբ, սակայն տեսնելով համաժողովրդական զարթոնքն ու պայքարի ոգին՝ այլևս որոշել է անմասն չմնալ պայքարից ու սեփական ժողովրդի հետ միասին կերտել Հայաստանի վաղվա օրը:
Անկասկած է, որ շարժմանն այսուհետ միանալու են սփյուռքահայ արվեստագետների շատ ավելի լայն շերտեր՝ հետևելով իրենց այն կոլեգաների օրինակին, որոնք արդեն իսկ իրենց համապատասխան կեցվածքով կարողացել են օրինակ հանդիսանալ շատերի համար, որի վառ ապացույցն է երգիչ Սարգիս Մանուկյանը, դուդակահար Ռուբեն Հարությունյանը, Պապին Պողոսյանն, Անահիտ Ներսիսյանը, Սալբի Մայիլյանն, Արմեն Հովհաննիսյանը, Մարգարիտա Խլղաթյանը, Տիգրան Ասատրյանը, Արփինե Բեկջանյանը, Գոռ Եփրեմյանը, Լևոն Աբրահամյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանն և այլոք: 
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ սփյուռքահայ և Հայաստանից ժամանած արվեստագետների մի հսկայական շերտ այլևս աջակություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համազգային պայքարին՝ նախընտրելով կողքից դիտորդի դերով չբավարարվել ու անքակտելի մասը դառնալ սեփական ժողովրդի, նրա նախաձեռնած պայքարի:
Անկասկած, շարժումն իր մեջ դեռ հասցնելու է ընդգրկել մասնավորապես սփյուռքահայ արվեստագետների, մտավորականների, գործարարների շատ ավելի լայն շերտեր, որոնք, արթնանալով խորը լոթարինգիական քնից, սեփական անգնահատելի լուման են ներդնելու ողջ ազգին ոտքի հանած շարժման հաղթանակի գործում՝ այն վերջնականապես պսակելով երկար սպասված ու այդքան թանկ դարձած հաղթանակով:
Սա համաժողովրդական պայքար է ու ցանկացած մեկն, ով իրեն մի մասնիկն է համարում սեփական ժողովրդի, բարոյական պարտավորություն ունի աջակցելու պայքարին, քանի որ այն հայության համար այլևս գոյաբանական արժեք է ձեռք բերել:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 31403 անգամ