Էջմիածնի քաղաքային իշխանության, քաղաքի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկ-երկրապահներին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ:
Երբ սկսվեց Արցախյան ազատագրական պատերազմը, մեր ժողովրդի բազմաթիվ զավակներ առանց վայրկյան իսկ երկմտելու մեկնեցին ի մարտ՝ պաշտպանելու Արցախական աշխարհն ու նաև Հայաստանի սահմանները: Նրանց ժողովուրդը իրավացիորեն «երկրապահ» կոչեց, քանի որ երկրի պաշտպանությունը նրանց համար կյանքի գերագույն նպատակ էր:
Հազարավոր երկրապահներ իրենց կյանքը դրին հայրենիքի ազատագրության զոհասեղանին: Լույս իջնի նրանց բոլորի՝ սրբատեղի դարձած գերեզմաններին և երիցս օրհնյալ լինի նրանց հիշատակը:
Իմ խորին համոզմամբ երկրապահի գլխավոր առաքելությունն այն էր, որ նա կարողացավ վերջնականապես ու իսպառ մեր ժողովրդի միջից վանել «գաղթական, թափառական հայ եմ ես» խղճահարություն առաջացնող մտայնությունը՝ նրան հակադրելով «Դեռ պայքար ունենք, պիտ հասնինք Սասուն» ապրեցնող գաղափարը: Մենք այլևս պարտության հետ ճանապարհ չունենք գնալու: Այսօրվա եռասերունդ երկրապահը իր խրոխտ ներկայությամբ հույս է ներշնչում մեր ժողովրդին, որ մենք դեռ առերեսվելու ենք նրանց հաղթանակների հետ:
Կրկին շնորհավորում եմ բոլոր երկրապահներին` այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում ամենայն հաջողություններ:
ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ