Րաֆֆին փախած է, կուսակցությունը՝ ջլատված
2016-02-01 09:32:00

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել են` «Ժառանգություն»-ը որոշել է խորհրդարանական ընտրություններին դաշինքո՞վ, թե՞ միայնակ է մասնակցելու: «Չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցը չենք քննարկել: Մենք հիմա բոլորովին այլ գործընթացի մեջ ենք»,- ասել է փոխնախագահը: Եվ նրան հասկանալ կարելի է: Այս օրերին «Ժառանգության» մեծագույն հոգսն իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գտնելն է: Մարդն անհետ կորել է: Մեկն ասում է՝ Բրյուսելում է, երկրորդն ասում է՝ չէ, Փարիզում է, երրորդը պնդում է. «Թուրքիա է գնացել, այնտեղ պիտի դպրոց բացի»: Մի խոսքով, Րաֆֆին դարձել է Անորսալի Ջոն: Գրում է shame.am-ը:

Սակայն առաջնորդին գտնելը մի հոգս է, ապագա անորոշությունը՝ մեկ այլ: Սահմանադրական հանրաքվեի օրերին «Ժառանգությունը» թույլ փորձեր արեց նկարագիր դրսևորել, բայց դա էլ ավարտվեց ոչ միայն ձախողումով, այլ մեծ խայտառակությամբ: Հայտնի դարձավ, որ հանձնաժողովներում «Ժառանգության» որոշ անդամներ իրենց տեղերը վաճառել էին ՀՀԿ-ին: Րաֆֆիի համակիրները մինչև վերջերս կտրականապես հերքում էին այդ փաստը: Բայց հիմա կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այլևս չի խուսափում խոստովանությունից: «Ամեն ինչ էլ եղել է, բայց դա ոչ թե «Ժառանգության» անդամներն են վաճառել, այլ հանձնաժողովում «Ժառանգության» կողմից նշանակված առանձին անձինք»,- ասում է նա՝ հրաշալի հասկանալով, որ դա գրեթե նույն բանն է ու շատ դժվար է այս իրավիճակում մեղքերը կուսակցությունից հեռու վանելը: Իսկ մի քաղաքական ուժ, որ նույնիսկ պարզ իրավիճակներում զբաղվում է բացառապես առևտրով, ինչպե՞ս կարող է հավակնել առաջիկա գործընթացներում էական հաջողություններ արձանագրելուն: Դրա համար է գուցե, որ Րաֆֆին փախած է, մյուսներն անգործության են մատնված, իսկ երբ հարցնում են, թե ծրագրերում կա՞ն դաշինքներ կազմելու հեռանկարներ, պատասխանը մեկն է լինում. «Այդ հարցն անգամ հպանցիկ չի քննարկվել, որ կարողանանք ասել»:

Այս նյութը դիտել են - 1740 անգամ