ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։
«Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի հետ այդ գաղափարի ակունքներում էի կանգնած», — ասաց Հայրապետյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։
Նախարարի խոսքով` չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։
«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր», — ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ նախարարությունն առաջարկություններ է ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներից նաև այդ հարցով։ Այդ պատճառով չի բացառվում, որ բուն նախաձեռնության մեջ փոփոխություններ լինեն։
Նրա խոսքով` խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հենց գաղթօջախներում։
Սփյուռքի նոր նախարարը նշանակվել է մայիսի 11-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հրանուշ Հակոբյանին։
Մխիթար Հայրապետյանը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն է (ծնվել է 1990 թվականին)։