Ալլա Լևոնյանի և նրա իրավաբան Էմիլ Մարկոսյանի իրական դեմքը. պարզաբանում ոստիկանությունից2018-05-17 13:17:00
Ստացվել է USArmenianews.comկայքում մայիսի 17-ին հրապարակված ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ուղղված բաց նամակի պաշտոնական պատասխանը: Ոստիկանության պարզաբանումն, ըստ էության, հաստատում է Usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանիս անմեղությունն ու միաժամանակ փաստում երեք երեխաների մայր հանդիսացող Ալլա Լևոնյանի (երգչուհին սիրում է տարբեր առիթներով նշել այդ իրողությունը) ու նրա փաստաբան Էմիլ Մարկոսյանի՝ իմ հասցեին արված մեղադրանքների մերկապարանոց լինելը:
Հիշեցնենք, որ Ալլա Լևոնյանը 2017թ. օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել, իբր ես Ֆեյսբուք սոցցանցում իրեն սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ եմ տվել:
Ինչ խոսք՝ միմիայն գովելի պետք է համարել այն, թե ինչպիսի օպերատիվությամբ է այլևս Վալերիյ Օսիպյանի ղեկավարությամբ գործող ՀՀ ոստիկանությունն արձագանքել բաց նամակին:
Սույն իրողությունը, թերևս, խոսում է այն մասին, որ ներկայումս Վալերիյ Օսիպյանի կողմից լրջորեն վերանայման է ենթարկվում ոստիկանությանը նախկինում բնորոշ ոչ ցանկալի գործելակերպն, ինչը միմիայն ուրախալի է ու հույս է ներշնչում, որ կարճ ժամանակ անց շնորհիվ նոր ոստիկանապետի վճռական գործողությունների հնարավոր կդառնա վերջինիս նախորդի օրոք ոստիկանության սասանված հեղինակության լիարժեք վերականգնումը հասարակության շրջանում:
Միևնույն ժամանակ կո՛չ եմ անում բոլոր այն կայքերին, որոնք ամիսներ առաջ ժրաջանորեն «տիրաժավորել» էին Ալլա Լևոնյանի և նրա փաստաբան Էմիլ Մարկոսյանի կեղծ մեղադրանքերի մասին պատմող նյութերը, հավատարիմ գտնվել լրագրողական էթիկային ու սույն հերքող համապատասխան նյութը՝ ոստիկանության պարզաբանումը, հրապարակել ու հանրությանը հասու դարձնել ճշմարտությունը:
Գայանե Մանուկյան
Ոստիկանության պարզաբանումը
Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին: Հայտնում ենք, որ Ալլա Լևոնյանը 2017 թ. օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գայանե Մանուկյան անունով օգտատերը Ֆեյսբուք սոցցանցում իրեն սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել:
Նյութերի նախապատրաստման փուլում ուսումնասիրվել են հաղորդման հետ կապված բոլոր հանգամանքները և օգոստոսի 24-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացվել:
Ինչ վերաբերում է բաց նամակում նշված` Shamshyan.com կայքի` իբր ոստիկանության «վերահսկողության տակ գտնվելու» մեղադրանքին, ապա հայտնում ենք, որ ոչ միայն այդ, այլև առհասարակ որևէ կայք, բացի Police.am-ից, ոստիկանության հետ որևէ առնչություն չունի:
Գայանե Մանուկյանի, այսպես ասած «հետախուզման» վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ տեղեկացնենք, որ որևէ ԶԼՄ այդ հարցով ոստիկանություն չի դիմել, չի եղել գրավոր կամ բանավոր որևէ հարցում, ուստի և չի հետևել ոստիկանության որևէ պատասխան կամ պարզաբանում:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է նամակի հեղինակի` երգչուհուն ու նրա փաստաբանին «մերկապարանոց հայտարարությունների» համար քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջին, տեղեկացնում ենք, որ այդ կարգի հայտարարությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, և անձը իր շահերի պաշտպանության համար կարող է դիմել դատարան:
Այս նյութը դիտել են - 43505 անգամ