Մարդ, ով գնահատել գիտի և հիացնել2018-05-25 13:29:00
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի աշխատաոճին ծանոթանալու համար անհրաժեշտություն չկա առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել, երբ շրջապատում տեսանելի է այն, ինչ շատերիս զարմանալի է: Այո՛, զարմանալի է այնքանով, որ առնչվում ենք մարդու այն տեսակին, ով ամիսների ընթացքում իր բազմաթիվ նախաձեռնություններով հիացմունքի արժանացավ մարտակերտցիներիս կողմից:
Ամենևին նպատակս մարդուն գովաբանելը չէ, երբ ինքս էլ ամիսներ առաջ եմ ծանոթացել երիտասարդ անհատականության հետ, ում զննող հայացքը նկատեց նաև ինձ՝ մանկավարժիս, և շուտով ընդունելության գնացի՝ ամենևին չգիտակցելով, որ րոպեներ տևող մեր զրույցը կարող էր այնքան գոհացուցիչ լինել, որ ամաչելուց չգիտեի անգամ՝ ինչպես արձագանքեմ նրա բարյացակամ վերաբերմունքին՝ թե՛ որպես արժանավոր ղեկավարի, թե՛ որպես մարդու...Չթաքցնեմ նաև՝ նույնիսկ մի պահ ինձ թվաց՝ Աստված է ուղարկել նրան, որ մարդկանց հիացմունք պարգևի:
Այդ ընդունելոււթյունից հետո նա իմ տեսադաշտում անընդհատ երևում է տարբեր անձանց խոսակցություններում, ովքեր առնչվել են նրա հետ, արժանացել նրա գնահատանքին և ուշադրությանը: Ամեն անգամ նրա մարդասիրական վերաբերմունքին հակադարձվում են նախորդ տարիների հիշողություններս, երբ հայաստանյան օլիմպիադայում հաջողություն արձանագրած աշակերտուհուս անունը հնչեցրին ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում, բայց դասավանդող ուսուցչուհուս անունը չկար, իսկ ավելի ուշ հիշեցրին ինձ, որ լուռ մնամ, «վերևից» են զգուշացրել՝ ամբիոններից անունս չտալ: Բայց հակառակ նրանց՝ շարունակական եղան այդ հաղթանակները ու ստիպված եղան տարիներ անց անթաքույց աչքով տեսնել նաև ինձ...
Բայց մի՞թե կա ավելի գեղեցիկ զգացողություն, քան գնահատված լինելն է, քան սավառնելու սովոր մարդուն թևեր տալը, որ երբեմն անտեսվել է...Ու ամեն անգամ տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում հաղթողներին գնահատելու վարչակազմի ղեկավարի վերաբերմունքը դառնում է զրույց, դառնում գոհունակություն, նրա ձեռք մեկնելը մարդուն՝ տարբեր առումներով, դառնում է արարք, որ օրինակելի է, գնահատողական ու այնքանով մարդասիրական, որ ինձ մոտ ցանկություն ծնվեց գրելու նրա մասին՝ առանց իմանալու, թե ինչպես կընկալվի շատ-շատերիս կողմից հարգված մարդու մասին իմ այս հրապարակումը, որը չէի կարող չգրել:
Վերջերս առարկայական օլիպիադայում լավագույն հաջողություններ արձանագրած աշակերտներն ու նրանց դասավանդող ուսուցիչները շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից պարգևատրվեցին՝ աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի ու կրթության բաժնի վարիչ Դավիթ Լալայանի մասնակցությամբ: Հիացմունքս մեծ է, երբ նրանց մեջ նաև մեր դպրոցի ուսուցչուհիներից են պարգևատրվել, նմանապես այն աշակերտները, որոնց ես էլ դասավանդում եմ: Շնորհավորական խոսքս լի է բարեմաղթանքներով, նորանոր հաղթանակներ ձեռքբերելու երազանքներով, որ փոխանցում եմ բոլոր նրանց, ովքեր այս տարի պատվով անցան կրթության ճանապարհով, որ պիտի ապագա դառնա, հարուստ ու արժանավայել մի նոր գալիք:
Դպրոցում շուտով «Վերջին զանգի» հրաժեշտի միջոցառում է, նորից կողքից լսելի է լավագույն անձնավորության մասին խոսք, մարդ, ով իր երիտասարդական առողջ ու կենսունակ փորձով, շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատանքին իր արժանվույն նվիրվածությամբ՝ մեր շրջանավարտներին ևս կարողացել է հիացնել... Եվ տարիների ընթացքում մեզ ուղեկցող հայտնի իմաստությանը, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ցանկանում եմ հակադարձել, որ երբ ազնիվ նվիրվածություն կա, երբեմն մարդն է գեղեցկացնում իր զբաղեցրած աշխատանքը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 19504 անգամ