«Վերջին զանգ» Մարտակերտում
2018-05-26 21:40:00
Ի տարբերություն հայաստանյան դպրոցների՝ Արցախում շրջանավարտների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումը մայիսի 26-ին էր, ուստի շնորհավորանքս այսօր հղում եմ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին: Այն լի է կյանքի նոր փուլ թևակոխող սերնդի՝ երազանքների իրականացման լավագույն ցանկություններով, նաև՝ բարի մաղթանքներս ուսուցիչներին, ծնողներին, ընդհանրապես՝ նրանց բոլոր հարազատներին:
Տարիների հոլովույթում մենք ամեն անգամ առնչվում ենք նոր սերնդի հետ, ով իր ազատ կեցվածքով, խոսքի կշռույթով, նոր մտածողությամբ երբեմն կարծես «ժամանակից առաջ է ընկնում»: Որքանո՞վ ենք մենք տեղ տալիս նրանց մտքերի նոր հորձանուտին, երբ ինքներս տեսնում ենք, որ կյանքը շատ ավելի արագ է ընթանում նրանց իսկ նորի հանդեպ ունեցած միտումով, քան մենք ենք պատկերացնում: Ու այս սերունդը դառնում է այն մեկը, որ կարող է տեսակ փոխել, անգամ՝ որակ, որ դեպի նոր կյանք է տանում, որտեղ սերտած դասեր չկան և ոչ էլ՝ անցյալի պատմություններ:
Ու այս սերունդը, որ դպրոցն ավարտող շրջանավարտների կերպարներով են մեզ երևում, դառնում է այն նորը, որ աշխարհ կարող է փոխել՝ շրջանցելով այն հինը, որ մեզ համար դեռ չի հնացել: Ու այս սերունդն է, որ երբեմն իր ազատ կամքն է թելադրում՝ պատրաստ լինելով իր առաքելությամբ օրինակ ծառայել շատերին: Այս սերունդն է, որ դպրոցական նստարանից հետո իր անցնելիք ճանապարհն անցնում է հաստատակամ դիրքով, իր ասելիքով, վճռականությամբ՝ անգամ՝ արգելքներ հաղթահարելով: Այս սերունդն է, որ հայրենիքը փրկելու իր անձնազոհությունն է ի ցույց դնում, սերունդ, ում վաղուց արդեն պետք չէ սովորեցնել, թե ինչպես սիրել հող հայրենին:
Սերնդի մասին այդ իսկ մտորումներով մտա այսօր նրանց դասարան: Մի վերջին դաս չէր դա, այլ անկեղծ խոսք, որ հնչեցրի շրջանավարտների մոտ՝ որպես տարիներ շարունակ նրանց դասավանդող ուսուցչուհի, ով հասցրել էր տեսնել նաև այն գեղեցիկը, որ այդ ուղեծիրով նրանց տանելու է դեպի գալիք:
Դասղեկ Մարիետա Սարգսյանի վերջին դասը շքեղ կահավորված դասարանում սիրո և հրաժեշտի, տխուր և ուրախ, չհասկացված ու հասկացված օրերի, կարոտի ու լավագույն մաղթանքների ամփոփում էր, որ դպրոց էր բերել նաև այն շրջանավարտներին, որոնց իր բարի խոսքերով ճանապարհել էր նոր կյանք դեռ 20 տարի առաջ, որոնց նույնպես դասավանդել էի:
Սա երեք սերնդի համատեղում էր, որ «Վերջին զանգի» հանդիսավորությանը մի նոր շքեղություն տվեց՝ այն երկու տասնամյակ առաջ ավարտածների, նոր օրերի շրջանավարտների խոսքերով, առաջին դասարանցիների, նրանց դասվար ու շրջանավարտի ծնող Սվետլանա Դալլաքյանի ակտիվ նախաձեռնությամբ, այն բոլոր ելույթներով, որ մեկընդմեջ փոխարինվում էին երգով ու պարով, դպրոցի տնօրենության, շրջանի վարչակազմի, մոտակա զորամասի ներկայացուցիչների շնորհավորանքներով:
Այս միջոցառումը դասղեկ Մարիետա Սարգսյանի ու բոլոր շրջանավարտների, նրանց ծնողների, ուսուցիչների սրտաբուխ ու անհանգիստ ապրումների դրսևորումն էր, որ տարիների արարումների ավարտին դարձել էր ծաղկառատ՝ համեմված դպրոցի, դասղեկի, ուսուցիչներին ուղղված գնահատողական խոսքերով, որ մի նոր տեսք էր ստացել երկնի կապույտում թևածող այն ծիածանված փուչիկների երանգներում, նրանց պարերի ռիթմիկ շարժումներում, երգերի հմայիչ մեղեդիներում: Սա նորի հաղթանակ է, որ ամեն տարի մայիսին մի նոր շքեղությամբ դպրոցական մի անցած կյանք նորից հուշ է դառնում՝ շրջանավարտների, նրանց ծնողների և ուսուցիչների անմոռաց կերպարներով, բոլորիս շնորհավորանքներով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 21220 անգամ