«Հետք»-ը գրում է.«Հետքը» այս տարվա սկզբից սկսել էր հրապարակել հոդվածների շարք, որոնք ակնհայտ էին դարձնում, որ օֆշորային ընկերությունների միջոցով փոշիացվել էին«Նաիրիտ գործարանի» համար վերցված 180 մլն դոլար վարկային միջոցները:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Դատախազությունը մեր հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն էր սկսել և նախապատրաստված նյութերն այնուհետև ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն): Ամիսներ շարունակ գործը ձգձգելուց հետո ոստիկանության 6-րդ վարչությունը այն փոխանցեց Քննչական գլխավոր վարչություն:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է «Նաիրիտի» գործի քննությունը, ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»: Այս հոդվածը նշանակում է, որ հանցակազմ չկա:
Այսպիսով, ոստիկանությունը՝ ի դեմս Վլադիմիր Գասպարյանի, դարձավ «Նաիրիտի» ապօրինությունների կոծկման վերջին օղակը: Մինչդեռ այս գործում ակնհայտ էին փողերի լվացման, փոշիացման և յուրացման փաստերը:
Վարկային միջոցների պատասխանատուն, «Նաիրիտ գործարանի» այս գործարքներին քաջատեղյակ եւ անմիջական մասնակիցը` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, շարունակում է պաշտոնավարել: Այժմ նա խիստ զբաղված է Ղարաբաղում երկու հանքարդյունաբերական ծրագրեր իրականացնելով: Շարունակում է պաշտոնավարել նաև մյուս գործող անձը` «Նաիրիտի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը:
Վերջում խմբագրությանը մնում է միայն մեկ հարց ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` որտե՞ղ են շուրջ 180 մլն դոլար վարկային միջոցները:
Այս նյութը դիտել են - 6071 անգամ