Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը
2018-05-30 17:03:00

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը:

Այս առնչությամբ դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ դատախազությունը շարունակում է քրեական գործերի քննության ընթացքում անձի հիմնարար իրավունքների սահմանափակումներ ենթադրող դատավարական ինստիտուտների կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված համակարգային ուսումնասիրություններն ու դրանցից բխող միջոցառումները:

Հերթական ուսումնասիրության առարկան ձերբակալման՝ որպես անձի ազատության իրավունքը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցի պրակտիկան է, դրա կիրառման տարածվածության եւ հիմնավորվածության հետ կապվող խնդիրների լուծումները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման եւ կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները: Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաեւ կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ»: 

Այս նյութը դիտել են - 4390 անգամ